Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ։ 2018թ. մայիսի 30-ին Շիրակի մարզի դատախազությունից Գյումրու ոստիկանություն էր ուղարկվել aravot.am կայքում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առևտրի կենտրոնի. կոնսերվատորիայի շրջանավարտ» հրապարակումը և «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր չեն կնքել. կոնսերվատորիայի նախկին աշխատակից» վերտառությամբ տեսաձայնագրությունը։ Դատախազությունը ցուցում է տվել դրանցում ներկայացված հանգամանքներն ուսումնասիրել և անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու միջոցով տեղեկությունների իսկությունը պարզել։
Դատախազության հաղորդագրության համաձայն, Գյումրիի մի բնակչուհի, 2004-2009թթ. որպես դաշնամուրի դասատու աշխատելով «Իմպրոռիթմ» հենակետային վարժարանում, բանավոր համաձայնության գալով ռեկտորի հետ, գործարկել է կոնսերվատորիայի և նույն վարժարանի սննդի սպասարկման օբյեկտը: Յուրաքանչյուր ամիս նա ռեկտորին վճարել է 100-ական ԱՄՆ դոլար՝ կոնսերվատորիայի առաջին հարկում գտնվող տարածքը և 40 000 ՀՀ դրամ՝ վարժարանի տարածքը որպես բուֆետ ծառայեցնելու համար: Ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ տվյալ անձի կողմից սննդի սպասարկման օբյեկտները գործարկելու համար նշված գումարը անձամբ կամ վարժարանի տնօրեն` Ա. Պ.-ի միջոցով փոխանցվել է ռեկտորին: Այս կերպ 2004-2009թթ.-ի համար նրան տրվել է ընդհանուր առմամբ 5 000 ԱՄՆ դոլար և 1 200 000 ՀՀ դամի չափով գումար:
Բացի դա, դատախազությունը քննություններին մասնակցելու և գնահատական ստանալու համար գումար տալու դեպքեր է բացահայտել։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ինչպես բուհի ռեկտորը, այնպես էլ առանձին աշխատակիցներ բացատրություններ են տվել այն մասին, որ ուսանողներից գումարներ չեն պահանջել և չեն ստացել՝ դրանց վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները համարելով զրպարտություն:
Չնայած հերքմանը, ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձևով կաշառք ստանալը)», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Epress.am֊ը գրել էր, որ Գյումրիի բնակիչ Գևորգ Գևորգյանին սպառնացել են «փտեցնել Նուբարաշենում», եթե նա չջնջի Ֆեյսբուքից ու չհերքի Կարինե Ավդալյանի կաշառակերության մասին իր գրառումները։ Սպառնացողը Ռաֆայել անունով մեկն է, ով ներկայացել է որպես «քննիչ»։ Ըստ Գևորգի, նա սկզբում փորձել է համոզել, կաշառք առաջարկել, ապա սպառնացել է։