Հունիսի 22֊ին ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 45-ամյա Հովհաննես Մելքոնյանին մահացու հրազենային վիրավորում հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը։ Այս մասին գրել է ՀՀ քննչական կոմիտեն։ Մելքոնյանն Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից էր: Ունի 3 երեխա:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Հովհաննես Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։