հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Ամուլսարի հանքի դեմ պայքարող ջերմուկցիները արձագանքում են Փաշինյանի հորդորներին

Ամուլսարի հանքի դեմ պայքարող ջերմուկցիները արձագանքում են Փաշինյանի հորդորներին

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հորդորին՝ դադարեցնել Վայոց Ձորի մարզում անհանազանդության գործողությունները, բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները, հանքի շահագործման դեմ նստացույցն այսօր շարունակվում է։

Փաշինյանը երեկ ուղիղ եթերում ասել է․ «Եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժը չէ, և Կառավարության համար փակուղային իրավիճակի ստեղծելը, ես կոչ եմ անում դադարեցրեք քաղաքացիական անհնազանդության այդ գործողությունները։ Մի’ խանգարեք մեզ, որ մենք ուսումնասիրենք և ունենանք փաստեր և դրանց հիման վրա որոշումներ կայացնենք։ Որովհետև կարող է՝ իրականությունը այնպիսին չէ, ինչ երևում է, կարող է՝ գործողությունների նպատակը այն չէ, ինչի մասին հայտարարվում է»։

Հիշեցենք, որ մի քանի օր է՝ Ջերմուկի և Վայոց Ձորի այլ քաղաքացիների և գյուղերի բնակիչներ մի քանի պահակակետեր են ստեղծել Ամուլսարի հանքավայրի շուրջ՝ փորձելով կասեցնել հանքի շինարարական աշխատանքները։

Այսօր ուղիղ եթերում ակցիաների մասնակից Ահարոն Արսենյանը, պատասխանելով Փաշինյանի կոչին, առաջարկել է, որ վերջինս գնա Ջերմուկ և տեղում տեղեկանա ակցիայի մասնակիցների պահանջներին։

«Մենք վարչապետին հրավիրում ենք Ջերմուկ՝ ծանոթանալու ժողովրդի խնդրին։ Կառավարության հետ վերջին հանդիպմանը մենք հասկացանք, որ էն մարդը, որ պատասխանատու է այս ամեն ինչի համար՝ բնապահապանության նախարարը՝ Էրիկ Գրիգորյանը, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հաղորդում։ Մեր հանդիպման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հեռախոսազրույց ունեցավ Էրիկ Գրիգորյանի հետ, ով նրան ասեց, որ միջազգային փորձագետները փոխել են իրենց կարծիքը բնապահպանական ռիսկերի մասին, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Իհարկե, չենք կարող չնկատել դրական զարգացումները, օրինակ, որ Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի նախագահ է նշանակվել Արթուր Գրիգորյանը, ով ինչպես գիտենք արդար, վստահելի մարդ է», ֊ ասել է Արսենյանը։

Ակցիայի մասնակիցներից Շիրակ Բունիաթյանը ևս իր խոսքն ուղղել է Փաշինյանին․

«Այստեղ կանգնածների մեծ մասն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, այսինքն՝ կրում են այն գաղափարախոսությունը, որ մեր հողը պետք է պաշտպանվի։ Այս մարդկանց մեծ մասը համահայկական զարթոնքի օրերին՝ եղել են հրապարակում։ Շնորհիվ Նիկոլ Փաշինյանի՝ մեր մեջ ավելի արմատավորվեց, որ մենք ենք տերը մեր երկրի։ Մենք վստահում ենք, որ անաչառ որոշում կկայացնի, մենք վստահում ենք Կառավարությանը, բայց «Լիդիան Արմենիան» պետք է դադարեցնի շինարարական աշխատանքները, քանի որ շինարարական աշխատանքների ամեն օրը օրհասական է։ Աշխատողները ասում են՝ տղեք, սարից թարխունի լիմոնադի գույնի ջուր է դուրս գալիս։ Ես այն մարդն եմ, ով նկարել է Արփա գետ լցվող ջրերը։ Սկզբում «Լիդիանն» իրենց որդեգրած քաղաքականության համաձայն փորձում էր հերքել։ Մենք ստեղծեցինք մի տեսանյութ, որտեղ փաստերով ապացուցեցինք՝ ինչ է կատարվում»,֊ ասել է Շիրակ Բունիաթյան։