«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքում պետությանը պատճառվել է 23 միլիարդ 553 միլիոն 817 հազար դրամի (49 միլիոն դոլար) վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Դատախազությունը ստացել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը և, ուսումասիրելով դա և լրացուցիչ փաստաթղթեր, պարզել է, որ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության դրանցում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:
Բացի դրանից, ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները:
Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանել են ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից ավելի գումարներ:
Նաև՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության և որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների և բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ հատվածները:
Դատախազությունը պնդում է, որ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
«Մասնավորապես, բացի այն, որ շուրջ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթևեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաև գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի չափով վնաս», ֊ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․ օր․֊ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): 16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: