Գյուղատնտես Իշխան Միրզոյանի անապահով ընտանիքը վարձով ապրում է Արմավիր քաղաքում։ 6-ամյա դստերը և վատառողջ քրոջը պահելու համար Միրզոյանը բանջարեղեն է աճեցնում և դրա վաճառքից գոյացած գումարով է ընտանիքն ապրում։ Այս տարի, սակայն, նրա բերքը փչացել է։ 7 օր շարունակ նա դստեր հետ, փչացած բանջարեղենը ձեռքին, Կառավարության դիմաց է։
«Հողամաս եմ դրել, որ գոյությունս պահպանեմ, ապրեմ։ Գնում եմ ջուր ուզելու, առուն փակվել է բարձր խոտերով, ասում եմ՝ առուն մաքրեք, մեզ ջուր տվեք․․․եթե հնձեն խոտը, մեզ ջուր կհասնի․․․», -նա նշում է, որ այդ հարցի հետ կապված գնացել է նաև Արմավիրի քաղաքապետարան, սակայն իր գործին ընթացք չեն տվել և ասել են՝ փոխհատուցում չի հասնում։ Ասել են նաև, որ ինքը գնա, առուն մաքրի, սակայն 1 կիլոմետրանոց առուն, Միրզոյանի պնդմամբ, ինքը մենակ չի կարող մաքրել․ «Էդ իրանց գործն է․․․ ես առու հանեմ, իրանք տրակտորի փողը իրանց ջեբը դնե՞ն»։
Միրզոյանը պահանջում է, որ դժվարության առաջ հայտնված իրենց ընտանիքին Կառավարությունը օգնի, իրեն փոխհատուցում տրամադրեն և հետագայում ապահովվեն ջրի հոսքը, որ ինքը կարողանա բերք ստանալ և այն վաճառել։