Ամուլսարում հանքի հնարավոր բացման դեպքում ապարների թթվային դրենաժը կդառնա լրջագույն և երկարաժամկետ խնդիր տարածաշրջանի ջրերի որակի համար։ Այս մասին գրում է «Հայկական բնապահպանական ճակատը»։ Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ տեղացիները հայտնել են, որ նմանատիպ թթվագոյացման ներուժ ունեցող մի գետակ է հոսում լեռան հյուսիս-արևմտյան լանջով և թափվում Արփա գետի Դարբ վտակը։ Հայկական բնապահպանական ճակատի կամավորները տեղացիների հետ այցելել են այդ տարածք և ջրի նմուշ վերցրել այդ գետակից։ Օգոստոսի 31-ին նմուշը հանձնվել է փորձարկման «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի հավաստագրված լաբորատորիայում։
Փորձարկումների արդյունքների համաձայն ջրի pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից, այսինքն՝ նորմայից, որը 7 է, անցել է խիստ թթվային միջավայր ու կազմել 3,52։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ամուլսարի այդ հատվածում կա թթվագոյացման լուրջ ներուժ, որը բազմակի անգամ կավելանա հանքի հնարավոր շահագործման դեպքում։
«Ջրի նմուշում որոշվել է նաև 17 մետաղների և սուլֆատների պարունակությունը, որոնք մենք համեմատել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Արփա գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերի հետ։
Գրանցվել են այդ նորմերի նկատմամբ շեղումներ․
Սուլֆատների պարունակությունը գերազանցել է հաստատված նորման 2,2 անգամ՝ կազմելով է 36,4 մգ/լ 16,4-ի փոխարեն։ Մետաղներից կադմիումի պարունակությունը գերազանցել է նորման 1,4 անգամ, կազմելով 1,4 մկգ/լ, պղնձինը՝ 4,4 անգամ, կազմելով 93 մկգ/լ, երկաթինը՝ 102,8 անգամ, կազմելով 7,403 մգ/լ, ալյումինինը՝ 81,7 անգամ, կազմելով 11756, 6 մկգ/լ, իսկ մանգանինը՝ 233,4 անգամ, կազմելով 2801,1 մկգ/լ։ Մնացած մետաղների պարունակությունները եղել են վերոնշյալ նորմաների սահմաններում:
Տվյալները ստացվել են մեկ անգամ, ընդամենը մեկ ջրահոսքից վերցված նմուշի փորձարկումների արդյունքում։ Պարզ չէ նաև, թե արդյո՞ք այս ջրերն արդեն իսկ փոփոխության չեն ենթարկվել վերջին 13 տարում այդտեղ ծավալած մարդածին գործունեության արդյունքում։
Գիտականորեն ապացուցված չէ, որ հանքի հնարավոր բացման հետևանքով թթվային դրենաժի ինտենսիվացումը չի բերի Հայաստանի կարևորագույն ջրային պաշարների անդառնալի աղտոտման և ջրատեխնիկական կառույցների քայքայման։
Նշենք, որ լաբորատոր փորձարկումների համար վճարումն արվել է Ամուլսարի պաշտպանության համար նվիրաբերված գումարներից և կազմել է 50 100 հազար դրամ», ֊ մասնավորապես, ասված է հաղորդագրության մեջ։