Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը և Հատուկ քննչական ծառայությունը քննում են առավել աղմկոտ գործերը, գործ ունեն առավել վտանգավոր մարդկանց և խմբերի հետ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Էդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածքներ, որի մասին կխոսենք առաջիկայում, նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում՝ մենք ոչ մի բան չունենք։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ՝ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել․ ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ ունեցվածքները։
Ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ։ Ունենք այ էսպիսի սխեմա, որտեղ հստակ երևում ա՝ որտեղից ա սկսել․․․ Չեմ ցույց տա, դա գաղտնի ա։ Մի խոսքով, ունենք մի հատ սխեմա, թե ոնց ա գալիս ու հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում սեփականատեր։ Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից էդ գումարն ի հայտ եկավ և ունենք՝ էդ գումարը ոնց փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։
Արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ մի շաբաթ, 10 օր առաջ։ Ապօրինի հարստացումն իրենց չի սպառնում, փողերի լվացումով է հարուցվել քրեական գործը», ֊ ասել է Վանեցյանը։
Նա ընդգծել է, որ պետությունից ահռելի գումարներ են թալանվել և խոսքը գնում է 100 միլիոնավոր դոլարների մասին, անգամ միլիարդավոր դոլարների մասին։