Քննչական կոմիտեն և ոստիկանությունն այսօր առավոտվանից խուզարկություն են իրականացնում Yerevan.today կայքի խմբագրությունում։
Լուսանկարը Yerevan.today-ի
Խուզարկությունն իրականացնում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Epress.am-ի հետ զրույցում քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այլ հասցեներով նույնպես հետախուզություններ են անցկացվելու։
Նշենք, որ Yerevan.today կայքը կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Այն գտնվում է Սարգսյան 26/1 հասցեում՝ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի տարածքում։ Այդ կենտրոնում է գտնվում նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից մեկ օր անց Քոչարյանը բացառիկ հարցազրույց էր տվել կայքին։
Խուզարկությունից քիչ անց կայքը նյութ է հրապարակել՝ նշելով․ «Մոտ 10 աշխատակիցներ գաղտնալսող սարքեր են փնտրում, ստուգում խմբագրության համակարգիչները` պարզելու, թե ինչպես ենք ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը․․․Նշենք, որ խուզարկություն է իրականացվել նաև կայքի սեփականատիրոջ բնակարանում»։
Նշենք, որ համացանցում տարածվել էր տեղեկություն, թե կայքը ձայնագրությունը տեղադրել է YouTube.com կայքում դրա բացվելուց 2 օր առաջ։ ՏՏ մասնագետները ցույց են տվել, որ Google-ի արխիվում պահպանվել է հղում, որ կայքն այդ օրը նյութ է հրապարակել։ Yerevan.today-ը դա համարում է ապատեղեկատվություն և նշում, որ ձայնագրության մասին իրենք տեղեկացել են պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը։ Կայքում տեղադրել են 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: