Վարչապետի հրամանով ձևավորված հանրության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբը մինչ օրս 1500 դիմումների է պատասխանել։ Դրանցից մոտավորապես 30 տոկոսը լուծված է։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Ամփոփելով նախարարության գործունեությունը՝ նա անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։
Պաշտոնավարումից հետո ոլորտին առնչվող խնդիրներն ավելի լավ պատկերացնելու համար նախարարն այցելել է Հայաստանի համայնքներ, շփվել բնակիչների, համայնքապետեր հետ՝ փորձելով ամբողջացնել պատկերացումները տարածքային կառավարման և դրանց զարգացման վերաբերյալ․ «Առավելապես շեշտադրումը կատարվել է խոշորացման պրոցեսի, խոշորացված համայնքների բնակիչների, համայնքապետերի հետ զրույցներին և այդ պրոցեսի մասին իմ պատկերացումները ամբողջացնելուն»։
Կատարած աշխատանքերից խոսելիս՝ Պապիկյանը նշել է, որ դրանցից մի մասը ժառանգել են նախորդ իշխանություններից և ընթացք տվել։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է համայնքներն ավելի մաքուր դարձնելու գործընթացին․ «Մեր առաջին քայլերից մեկը Երևան քաղաքի աղբահանության խնդրին էր վերաբերում։ Վարչապետի հանձնարարականի շրջանակներում հանդիպում եմ ունեցել թե՛ «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի և թե՛ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։ Այս հանդիպումները բերել են նրան, որ «Սանիթեք» ընկերությունը իր գործունեության պատմության մեջ երկու անգամ վերջին ամիսների ընթացքում նախ տուգանվել է, որովհետև պայմանագրով ստանձնած պարտավորությունների թերացումներ են նկատվել նրանց գործունեության մեջ։ Մեր անմիջական միջամտությամբ «Սանիթեք» ընկերությունը քայլեր է ձեռնարկել Հայաստանի Հանրապետություն նոր աղբահան մեքենաներ ներկրելու համար։ Ուրախությամբ պիտի փաստեմ, որ հինգ աղբահան մեքենաներ, որ նախապես «Սանիթեք» ընկերության կողմից խոստացվել էր, որ Հայաստանում կլինեն ուրբաթ օրը, այս պահին հատում են Վրաստան֊Հայաստան սահմանը և հավանաբար վաղը արդեն կլինեն Երևանում»,֊ շեշտել է նախարարը։
Նախարարության կատարած մյուս կարևոր քայլերից Պապիկյանն առանձնացրել է զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների երեխաների հանգստի կազմակերպման գործընթացն ամռան ընթացքում․ «Հանգստյան տներում են եղել շուրջ 4800 երեխա՝ ՀՀ 10 մարզերից և Արցախից»։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարը կարևորեց նաև «Իմ քայլը հանուն Տավուշի» միջոցառումը, որը տեղի է ունեցել Իջևանում․ «Վարչապետի մտահղացումն է։ Մենք Տավուշի մարզպետարանի ունեցած հնարավորությունների շրջանակներում կարողացանք միջոցառմանը ներգրավել հիմնականում Ռուսաստանում բնակվող շուրջ 100 գործարարների։ Արդեն ունենք մի քանի գործնականում իրականացվող ծրագրեր։ Արդեն հիմնվելու է մարզում նմանը չունեցող անասնապահական ֆերմա, տեքստիլ արտադրությունը խթանելու հայտ է ներկայացվել։ Մովսես գյուղի բնակիչներ, ովքեր այժմ ապրում են Ռուսաստանում, խոստացել են 200 հազար դոլլար ներդրում կատարել դեպի Մովսես տանող ճանապարհը վերականգնելու համար»։
Նորարարական ծրագրերի շրջանակում նախարարությունը առաջնային խնդիրներից մեկն է համարել այն, որ պոտենցիալ ներդրողը պատկերացում ունենա Հայաստանի համայնքներում առկա հնարավորությունների մասին, և նախաձեռնել է ներդրումների օնլայն հարթակ ստեղծել․ «Այստեղ մենք ընդամենը ներկայացնում ենք համայնքների ընձեռած հնարավորությունները, կարևորում ենք համայնքների ունեցած ռեսուրսների՝մասնավորապես հողերի, դրանց աճուրդի ներկայացնելու և դրանց մասնակցայնությունը ավելի ընդգրկուն ֆորմատով հնարավորություն ստեղծելու խնդիրը և կարևորում ենք սրա հանրայնությունը։ Այս կոնտեքստում մենք փորձում ենք մշակել մի հարթակ, որտեղ նախ համայնքները կներկայացնեն այդ տարի օտարման ենթակա գույքը, հողերը, որպեսզի պոտենցիալ ներդրողի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների համար պարզ լինի, թե ինչ հնարավորություններ կան համայնքներում»։
Պապիկյանի խոսքով՝ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար հարց է ծագել՝ արդյո՞ք գիտենք, թե Հայաստանի յուրաքանչյուր համայնք ինչպիսի հնարավորություններ ունի․ «Պարզվում է հաճախ այդ իմացությունը Վիքիպեդիայի մակարդակի, ցավոք երբեմն խորհրդային շրջանի տեղեկություններ են։ Սա չեմ ասում նախորդներին քննադատելու, այլ այս հարցը բարձրացնում եմ՝ որպես օրակարգային խնդիր, մեզ համար օր առաջ այս ամենը պարզ ու հստակ դարձնելու համար։ Մենք ունենք տարածքներ, որոնք ներկայացված են թե՛ Կադաստրի պետական կոմիտեում, թե՛ Գյուղատնտեսության նախարարության համապատասխան փաստաթղթերում, թե՛ համայնքներում, թե՛ Տարածքային կառավարման, զարգացման նախարարության հնարավոր բոլոր հարթակներում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Մենք ունենք այգիներ, որոնք այլևս այգիներ չեն, ունենք նաև հողագարծական այլ նշանակության տարածքներ, որոնք տաս֊քսան տարի առաջ այլևս փոխել են իրենց նշանակությունը, բայց մինչ այժմ դրա մասին մենք տեղեկություններ չունենք»։
Անդրադառնալով վերջին ժամանակներս հաճախ քննարկվող համայնքների խոշորացման հարցին՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը շեշտել է․ «Մենք արդեն իսկ հայտարարել ենք, վարչապետը նույնպես հայտարարել է, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող լինել այնպիսի խոշորացումներ, որոնք չեն բխում համայնքի շահերից կամ համայնքի բնակիչների ցանկությունից»։