Ես չեմ սիրում, որ աբորտ են անում, դե դեմ եմ։ Ինձ աբորտից ընդամենը 1000/2000 դրամ փող ա մնում, իսկ ամեն ծննդաբերությունից հետո 15000 դնում եմ գրպանս։ (Վայոց ձոր, 2018)
Վայոց ձորի կանայք ծննդաբերում եմ կա՛մ Երևանում, կա՛մ մարզին համեմատաբար մոտ գտնվող Մասիս քաղաքի հիվանդանոցում։ Հիմնականում այն կանայք, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն, ստիպված Եղեգնաձորում կամ Վայքում են երեխա ունենում։ Մարզի ամենակարևոր խնդիրներից է հիվանդանոցների և լավ մասնագետների սակավությունը։ Այս տարվա սեպտեմբերի 17-ից 21-ը «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը քայլարշավ է կատարել Վայոց ձորի մարզի մի շարք համայնքներում։ Այսօր «Հոդված 3» ակումբում նրանք ներկայացրել են իրենց քայլարշավի ընդհանուր տպավորությունները։
Մարզում ընդամենը 2 հիվանդանոց և 1 առողջական կենտրոն է գործում։ Ոչ բոլոր գյուղական համայնքներում կան բուժկետեր։ Դրանցից միայն Եղեգնաձորի և Վայքի հիվանդանոցում են ծննդօգնություն իրականացնում։ Հեռավոր գյուղերի կանայք շատ հաճախ չեն կարողանում հասնել մարզկենտրոն և հենց տանը կամ ավտոմեքենաների մեջ են ծննդաբերում, ինչը հետագայում կարող է բարդությունների պատճառ դառնալ։
Կազմակերպության ներկայացուցիչ Անուշ Պողոսյանը նշել է, որ տեղի բժիշկների, կանանց հետ զրուցելու ընթացքում արձանագրել են, որ կանանց շրջանում շատ է տարածված արգանդի միոման․ «Կանայք պատմում են, որ իրենց մարզում արգանդի միոմայի վիրահատություն կատարվում է, սակայն ամբողջությամբ հեռացվում են վերարտադրողական օրգանները։ Իսկ Երևանում, օրինակ, համապատասխան մասնագետներ կան, որոնք ոչ թե ամբողջությամբ են հեռացնում, այլ միայն հիվանդ հատվածը։ Այդ վիրահատությունը Երևանում արժե 600 հազար դրամ, որը բավական մեծ գումար է։ Դրա համար մարզաբնակ կանայք գերադասում են ավելի էժան վիրահատություն անել, վճարել 200 հազար դրամ, բայց արդյունքում կանայք 30-40 տարեկանում արդեն կորցնում են իրենց վերարտադրողական օրգանները»։
Քայլարշավի ընթացքում արձանագրել են նաև, որ մարդիկ շատ քիչ են դիմում հակաբեղմնավորիչ միջոցների օգնությանը։ Հիմնական հակաբեղմնավորիչ միջոցն ընդհատված սեռական հարաբերությունն է, որը, սակայն, հուսալի տարբերակ չէ։ Քանի որ ոչ բոլոր համայնքներում կան դեղատներ, մարդիկ չեն կարողանում պահպանակներ գնել։ Պողոսյանի խոսքով՝ չնայած միջազգային ինչ-որ ծրագրերի շրջանակներում բուժկետներին պահպանակներ են բաժանվել, սակայն էլի ոչ բոլորն են կարողանում գնալ և անվճար ստանալ դրանք, քանի որ գաղտնիությունը հիմնականում չի պահպանվում։
Օրինակ, գյուղերից մեկում պատմել են, ինչպես են քմծիծաղով ասում՝ «էս ինչը շատ է պահպանակ վերցնում, դրա կարիքն ունի»։
Մարզում հղիության արհեստական ընդհատումները հիմնականում կատարվում են վիրահատական և ոչ դեղորայքային մեթոդներով, քանի որ համապատասխան դեղորայքներ չկան։ Ի տարբերություն այլ մարզերի՝ Վայոց ձորում կարծես թե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները քիչ են։ Ուշագրավ է, որ, ըստ տեղի բնակիչների, արհետսական ընդհատման դեպքերը քիչ են նաև այն պատճառով, որ շատ տարածված է չբերությունը։ Այսինքն, ինչ սեռի երեխա էլ լինում է, մարդիկ որոշում են ունենալ։
Քայլարշավի մասնակիցներից Աննա Հովհաննիսյանը նշել է, որ մարզի երեք գյուղերում՝ Ռինդում, Չիվայում և Արփիում հատկապես մեծ է քաղցկեղով հիվանդների թիվը։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Արփիում քաղցկեղից մահացել է մոտ 20 մարդ։ Կազմակերպության ներկայացուցիչները Բնապահպանության և Առողջապահության նախարարությունների ուշադրությունն են հրավիրել խնդրի վրա։ Քաղցկեղի բարձր տարածվածության հետ կապված՝ տեղացիներն ունեն իրենց տարբերակը․ ըստ նրանց՝ դա կապված է ջրի որակի հետ։
2017 թվականին «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը քայլարշավ էր իրականացրել նաև Գեղարքունիքի մարզում։ Հետազոտողները փաստում են, որ ի տարբերություն այդ մարզի՝ Վայոց ձորի մարզում կանանց նկատմամբ տղամարդկանց վերաբերմունքն ավելի լավ է։
Մասնավորապես, եթե Գեղարքունիքում կարելի է տեսնել, որ կինը դաշտում մենակ ծանր աշխատանք է անում, ապա Վայոց ձորում գյուղատնտեսական աշխատանքները կանանց և տղամարդկանց միջև հավասար են բաշխված։
Վայոց ձորի մարզում կանանց կրթության խնդիրը, ի տարբերություն Գեղարքունիքի, կարևորվում է։ Եթե այնտեղ կարող են կնոջը արգելել, որ մենակ գնա Երևան, ապրի, սովորի, ապա Վայոց ձորում կանանց խրախուսում են կրթություն ստանալ։ Չնայած կանայք կրթություն են ստանում, սակայն հիմնականում այդպես էլ չեն վերադառնում գյուղեր, քանի որ այնտեղ աշխատատեղեր կամ այլ զբաղմունք չկա։
Մարզում ավելի քիչ են նաև ընտանեկան բռնության դեպքերը, վաղ ամուսնությունները։ Սակայն շատ հաճախ ամոթի անվան տակ շատ բաների մասին կանայք ուղղակի լռում են։
Ստեղ ամեն մի բառի կողքին ամոթը կպցնում են՝ ամոթ ա մի հագի, ամոթ ա մի արա, ամոթ ա մի խոսա․․․ (Վայոց ձոր, Շատին, 2018)