Պորտաբույծների լայն խմբերով շրջապատված լինելու մտայնությունը վտանագավոր է և կարող է վերածվել խրամատի՝ ընդդեմ «ծույլեր»-ի ու «անպիտաններ»-ի: Ապագա կառավարությունը պետք է զգուշանա այս հեռանկարից: Այս առումով ուշագրավ են հոկտեմբերի 17-ին Սպորտի և Երիտասարդության նախարարությունում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ունեցած որոշ մտահոգություններն ու մտքերը (տես այստեղ):
«Նոր ժամանակները աշխատանքի ժամանակներ են, նոր ժամանակները աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն»
Այս համատեքստում հավանական ապագա վարչապետը սրտնեղել է մարդկանց ծուլությունից և սեփական բարեկեցությունն ապահովելու անկարողությունից. «… շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, ովքեր օրեր են անցնում թաղային բիսետկաներում և ասում են՝ «մի գործ լիներ աշխատեինք»։ Երբ որ գնացել էինք Արարատի մարզ և արտադրողների հետ արտադրական տարածքներ էինք գնացել, ընկերություններն ասում էին, որ միշտ էլ պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել օրինակ ազնվամորի, թութ, մոշ, սինդրիկ, շուշան, անսահմանափակ քանակությամբ, և կան մարդիկ Տավուշի մարզից, Կոտայքի մարզից, Սյունիք մարզից, Լոռու մարզից, որ իրենք այդ մեխանիզմը ստեղծել են, աշխատում են և բերում են, եթե շարունակում են դա անել, նշանակում է շահութաբեր է։ Ես չեմ ասում, թե ամեն ինչ պետք է թողենք, գնանք սինդրիկ հավաքելու, ես ասում եմ, որ այո՛ կառավարությունը պարտավորություն ունի քայլեր ձեռնարկելու՝ երկրում քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար, բայց եթե որևէ ընտանիք ոչինչ չի անում ինքն իր բարեկեցությունն ապահովելու համար, շատ դժվար է հավատալ, որ մի հատ հրեղեն կառավարություն կձևավորվի, որ կգնա էդ մարդկանց ստիպողաբար իրենց բարեկեցությունը կապահովի» (տես այստեղ):
Այս մտայնությունը լավ տեղ չի տանելու, սա անարգանք է տարիներ շարունակ աղքատության մեջ ապրած ու հեղափոխության հետ հույսեր կապող մարդկանց նկատմամբ: Մի դույլ մոշ հավաքելու համար մի քանի ժամ ես ծախսում, մատներդ փշով քրքրում: Մի քանի տարի առաջ Շամշադինում հազար դրամով էին առնում մեծ դույլ մոշը: Ինչու՞ պիտի մարդը մոշ հավաքի, գրոշներով տա մթերողին, որ նա էլ խոշոր շահույթ ապահովի:
Աշխատանքի առաջարկը ոչ միայն սուղ է, այլև ուղեկցվում է վանող պայմաններով: Աշխատանքը վարկաբեկվել է տնտեսապես իշխող փոքրամասնության կողմից: Ո՞վ է սրա պատասխանատուն ու մեղավորը. բեսեդկայում անգործ նստած բլոտ խաղացո՞ղը:
Մարդկանց աշխատանքային իրավունքները երկրում ոտնահարված են անհնարինության չափ, գործատուները շահագործում են գործակատարներին ու պատասխան չեն տալիս դրա համար: Հստակ չեն իրավական լծակները, որոնցով հնարավոր կլինի ազդել գործատուի վրա՝ լինի մասնավոր, թե պետական ոլորտում:
Գործատուի ու գործակատարի իրավունքների խիստ անհամաչափություն կա, որը գերիշխանության է բերել մեկին, իսկ մյուսին դարձրել կամազուրկ, զրկել պարզ դիմադրությունից անգամ: Վերադաս-ստորադասի մի անտանելի հիերարխիա կա ձևավորված: Մարդիկ ազատ չեն ու վախենում են, քանի որ աշխատողը պաշտպանված չէ Հայաստանում՝ ընդհուպ աշխատանքը մեկի կամայական կամքով կորցնելու աստիճան:
Տասնամյակներ շարունակ հանրային կյանքի կազմակերպման ամենատարբեր ոլորտները շարունակում են բռնագրավված մնալ անգործությունից ճահճացած «միակ ու անկրկնելի» ղեկավար օղակների կողմից: Չի ձևավորվում պարբերական հանրային պատասխանատվության ավանդույթը: Գործատուները շարունակում են գործել վարչահրամայական բնույթի աշխատանքային կարգապահական միջոցներով։ Մարդկանց ստեղծագործական ազատություններ, կայանալու և մասնագիտանալու տարածություններ տալու փոխարեն աշխատանքային հաճախելիությունը վերահսկում են ստորագրություններով, մատնահետքերով, վարիչից, բժշկից բերած թղթերով…
Պետության դերը աշխատելու կոչեր անելուց առաջ աշխատանքային ոլորտի այս խնդիրներին լուծում տալն է։
Պետության դերը շահագործողի դեմքը գեղեցկացնելն ու օրինականացնելը չէ, մեզ ավելի բարեդեմ շահագործողներ ու շահագործման օրինական պայմաններ պետք չեն:
Տպագրվել է Սեւ Բիբար բլոգում։
Հեղինակ՝ Գայանե Այվազյան։