Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզպետարաններին 2018 թ.-ի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին կառավարության նախագիծը: Գումարը տրամադրվելու է սուբվենցիայի տեսքով՝ հրատապ առաջացած խնդիրները հոգալու համար:
Կառավարության տրամադրած 167 մլն 954 հազար դրամ համաֆինանսավորումն ուղղվելու է 173 ծրագրեր իրականացնելու նպատակով: Խոսքը, մասնավորապես, սոցիալական ծրագրերի և տնտեսական ենթակառուցվածքների մասին է. փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցում և նորոգում, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցում ու նորոգում և գիշերային լուսավորության անցկացում:
Այսպիսով, մարզերից յուրաքանչյուրին տրամադրվելու է հետևյալ չափով գումար՝ Գեղարքունիքին 4 մլն 999 հազար, Վայոց ձորին 14 մլն 64 հազար, Շիրակին 54 մլն 982 հազար, Արագածոտնին 15 մլն 306 հազար, Արարատին 10 մլն 797 հազար, Արմավիրին 5 մլն 932 հազար և Լոռվա մարզին 61 մլն 872 հազար դրամ: