Home / Եկեղեցի / Վիրահայերը «Աստծո կամքի պատվիրակին» շփոթել էին Սահակաշվիլիի հետ

Վիրահայերը «Աստծո կամքի պատվիրակին» շփոթել էին Սահակաշվիլիի հետ

Վրաստանի նախագահական ընտրություններին 25 թեկնածու էր մասնակցում, որոնցից շատերի անուններն ընտրողներին բացարձակ ծանոթ չէին, գրում է jam-news.net-ը։

Ընտրությունները անցկացվել են հոկտեմբերի 28-ին, առաջին փուլում նախագահ ընտրել չի հաջողվել: Երկրորդ փուլը կկայանա մինչև դեկտեմբերի 2-ը։ Գլխավոր մրցակիցների ձայները գրեթե հավասար են բաժանվել. Սալոմե Զուրաբիշվիլին, որն իշխանությունների թեկնածուն էր, 38,4 տոկոս ձայն էր հավաքել, ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,73 տոկոս:

Ընտրությունների «ընդմիշտ» թեկնածուներից է Միխեիլ Սալուաշվիլին, որին այս ընտրություններին անսպասելի անակնկալ մատուցեցին Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի (Ջավախեթի շրջանը Հարավային Վրաստանում, որը գլխավորապես հայերով է բնակեցված) ընտրողները:

Այդ շրջանում «Արդարության վերականգնման միություն – Ժողովրդի ձայն. Աստված է մեր ճշմարտությունը» շարժման առաջնորդ Միխեիլ Սալուաշվիլին 87 տոկոս ձայն է հավաքել, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի գրեթե մեկ տոկոսը՝ 0,92%: Այդպիսի բարձր ցուցանիշ Սալուաշվիլին երկրում ոչ մի տեղ չէր հավաքել:

Ընտրությունների արդյունքում այս թեկնածուն երկրի մասշտաբով 12-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Նինոծմինդայում՝ չորրորդ:

Մինչ մայրաքաղաքի լրագրողներն ու Սալուաշվիլին փորձում էին կռահել, թե պատճառը որն է, և ինչն է նինոծմինդացիներին ստիպել իրենց ձայնը տալ մի մարդու, որը նախընտրական արշավի ժամանակ իրենց շրջան չէր այցելել, պատասխանը եկավ տեղական «Նոր» ռադիոկայանից:

Պարզվեց, որ տեղացի որոշ հայեր, որոնք այնքան էլ լավ չեն տիրապետում պետական վրացերեն լեզվին [իսկ բոլոր քվեաթերթիկները հենց վրացերեն էին] «Միխեիլ Սալուաշվիլի» անվան փոխարեն կարդացել էին «Միխեիլ Սաակաշվիլի»: Այսպիսով, նրանք իրենց ձայնը տվել էին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որն ընդհանրապես ընտրարշավին չէր մասնակցում:

Այսպիսի եզրակացության էին եկել տեղական «Նոր» ռադիոկայանի աշխատակիցները՝ զրուցելով տեղացիներից մի քանիսի հետ, որոնք «քվեարկել էին» Սալուաշվիլիի օգտին: Նրանք խոստովանել են, որ առաջին անգամ են լսում այդ անունը, իսկ իրենց քվեն տվել են Սաակաշվիլիին:

Նախընտրական արշավի ժամանակ Սալուաշվիլին ընտրողներին հիշեցնում էր, որ շուտով լինելու է «մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը», և այդ իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի երկիրը կառավարի «Աստծո կամքի պատվիրակը երկրի վրա»՝ այսինքն ինքը: Այդպիսին էր Միխեիլ Սալուաշվիլիի ընտրական պլատֆորմը: