2018թ. նոյեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆինանսական ու գույքային ռեսուրսների ձեռքբերման օրինականությունը պարզելու հարցով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վկայակոչել է վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ 20 տարի կառավարող կուսակցություն եղած ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարագրերը, որոնցից ակնհայտ էր դառնում, որ ՀՀԿ-ն ունի 3 անգամ ավելի ֆինանսական ու գույքային ռեսուրսներ, որքան ՀՀ-ում գործող մյուս բոլոր կուսակցությունները միասին վերցրած:
Ընդ որում՝ համաձայն ՀՀԿ ֆինանսական ու գույքային միջոցների աղբյուրների ու ծախսերի՝ 2017թ.-ի հաշվետվության՝ կուսակցությանը պատկանող գույքը տեղաբաշխված է ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ մարզկենտրոններում, և Երևան քաղաքում:
Այս փաստերը հաշվի առնելով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետական կուսակցության գույքային ռեսուրսների ձեռքբերման, ֆինանսական ռեսուրսների գոյացման օրինականությունը:
Դատախազությունից դեռևս չեն արձագանքել: