Նորվեգիան որոշել է փակել Ադրբեջանում իր դեսպանատունը, և փոխարենը պատրաստվում է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Վրաստանում։ Իսկ Նորվեգիայի և Ադրբեջանի դիվանագիտական հարցերի պատասխանատու երկիրը կլինի Թուրքիան։
Բաքվում էլ կբացվի Սկանդինավյան երկրների գլխավոր հյուպատոսարանը։
Վրաստանում դեսպանատունը կբացվի 2019-ին, ինչի մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեն։ «Վրաստանը Եվրասիական տարածաշրջանում մեր հիմնական գործընկերներից է: Տարիներ շարունակ նա գնում է բարեփոխումների ճանապարհով, ինչը երկրին ավելի մոտեցրեց եվրոպական և եվրատլանտյալ կառույցներին։ Հիմնվելով՝ Նորվեգիայի շահերի ընդհանուր գնահատականի և Հարավային Կովկասի երկրների հետ մեր հարաբերությունների վրա, Նորվեգիան որոշեց Վրաստանում դեսպանություն բացել։ Թբիլիսիի մշտական ներկայացուցչությունը կապահովի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումը»։
Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին պաշտոնական Բաքուն մեղադրեց նորվեգական դիվանագիտական առաքելությանը` երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:
«Բաքվում Նորվեգիայի դեսպանատան աշխատանքների դադարեցումը սովորական դեպք է և ափսոսանք չի առաջացնում», – հայտարարել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Խիքմետ Գաջիևը։
«Վերջին տարիներին Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանի պաշտոնում հանդես եկած Սթեյնար Գիլի դիվանագիտական արձանագրության կանոնները հակասում էին դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային, մեծ հարված հասցրեցին Ադրբեջանի և Նորվեգիայի միջև հարաբերություններին: Երկկողմ խնդիրների լուծման փոխարեն, նա մասնակցում էր տարբեր հանրահավաքների և իրականացնում այլ անօրինական գործողություններ: Սա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանի կառավարությունը սկսի քննարկել Գիլի երկրից արտաքսման հարցը: Արդյունքում Նորվեգիայի կառավարությունը ժամանակից շուտ ետ կանչեց նրան»:
Պաշտոնական Բաքվի ներկայացուցչի այս մեկնաբանությունը զգալիորեն ավելի կոշտ է, քան Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևայի առաջին արձագանքը, որը ափսոսանք հայտնեց Նորվեգիայի կառավարության կողմից Բաքվում դեսպանատուն փակելու որոշման համար։