Home / Մեդիա / Լրագրողական կազմակերպությունները դիմում են ՀՀ նոր իշխանություններին

Լրագրողական կազմակերպությունները դիմում են ՀՀ նոր իշխանություններին

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով։ Բուն քվեարկության օրը չի արձանագրվել ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության կամ մասնագիտական գործունեության խոչընդոտման որևէ լուրջ դեպք, իսկ եղած մի քանի փոքր միջադեպերն էլ տեղում հարթվել են։ Սա աննախադեպ երևույթ է, ինչը պետք է ավանդույթի վերածել», – ասված է հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, նշում են հեղինակները, արձանագրվել է, որ նախընտրական ժամանակաշրջանում՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ակնհայտորեն չարաշահելով իրենց լիազորությունները, անօրինական գործողություններ են իրականացրել «News.am» լրատվական կայքի խմբագրությունում․ «Իրավապահները պահանջել են լրատվամիջոցից քաղաքական գործիչներից մեկի օնլայն ելույթի բովանդակությունը ապացուցող հիմքեր տրամադրել, ինչը զավեշտալի է և՛ ԶԼՄ գործունեության նորմերի, և՛ իրավունքի տեսանկյունից։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, նմանատիպ անհիմն պահանջ է ներկայացվել նաև «Aysor.am»-ի խմբագրությանը։ Բացի այդ, մինչև հիմա ՀՀ ոստիկանությունը և Քննչական կոմիտեն որևէ ծանրակշիռ հիմնավորում և փաստարկ հանրությանը չեն ներկայացրել «Yerevan. today»-ում իրականացված խուզարկության անհրաժեշտության և դրա արդյունքների վերաբերյալ։

Խոսքի ազատության և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության տեսանկյունից խիստ մտահոգիչ է, որ ժողովրդավարության զարգացումներին զուգահեռ՝ իրավապահների կողմից երբեմն իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներին զերծ պահելու ոստիկանական ապօրինի գործողություններից և առավել բարենպաստ պայմաններ ապահովել լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից»։

Հայտարարության տակ ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ — Հայաստան» ֊ ը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբը։

Tekali Taxi