հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բողոքի նոր ցույցեր և կալանքներ Ադրբեջանում. արձագանքը՝ բլոգերի հացադուլին

Բողոքի նոր ցույցեր և կալանքներ Ադրբեջանում. արձագանքը՝ բլոգերի հացադուլին

Մամուլում, սոցցանցերում, քաղաքական գործիչների և ակտիվիստների շրջանում վրդովմունքն աճում է
Վիդեոբլոգեր Մեհման Հուսեյնովը բանտում հացադուլ է անում դեկտեմբերի 26-ից ի պատասխան իր դեմ հարուցված երկրորդ քրեական գործի: Հասարակությունում դա գնալով մեծ արձագանք է առաջացնում. ոմանք սոցցանցերում արդարություն են պահանջում, մյուսները բողոքի ցույցի են դուրս գալիս և նույնպես ճաղերի հետևում հայտնվում:

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

Մեհման Հուսեյնովը հայտնի է պաշտոնյաների հասցեին իր քննադատական տեսանյութերով: 2016թ-ին նրան ձերբակալել էր ոստիկանությունը, որից հետո նա բողոքել էր, որ իրեն կտտանքների են ենթարկել: Արդյունքում Մեհմանը զրպարտության մեղադրանքով երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել:
Այդ ժամկետն ավարտվում է 2019թ-ի մարտին, սակայն 2018թ-ի դեկտեմբերի 26-ին Հուսեյնովի դեմ նոր քրեական գործ հարուցվեց այն մեղադրանքով, որ նա ծեծել է արդարադատության լեյտենանտ Ալի Աբդալովին: Բլոգերն այդ մեղադրանքն ամբողջությամբ հերքում է և ի նշան բողոքի նույն օրը հացադուլ է հայտարարել: Տվյալ պահին նա հացադուլի մեջ է` արդեն տասնմեկերորդ օրը և, ըստ փաստաբանի, ծանր վիճակում է:

Քրեակատարողական ծառայությունները պնդում են, որ Մեհման Հուսեյնովը հացադուլ է արել ընդամենը մեկ օր, որից հետո կրկին սկսել է սնունդ ընդունել, և առողջական ոչ մի խնդիր չունի:

Բողոքի ակցիաներ

Հունվարի 3-ին մոտ երկու տասնյակ լրագրող և քաղաքական ակտիվիստ փորձեցին ակցիա անել՝ այդ խնդրի վրա ուշադրություն գրավելու համար: Ոստիկանությունը միանգամից կասեցրեց այդ ակցիան, դրա չորս մասնակից երեքական շաբաթվա վարչական կալանքի դատապարտվեց:

• Կարմիր գիծ. որտեղո՞վ է անցնում այն Ադրբեջանի լրագրողների համար
• Ադրբեջանցի քաղբանտարկյալների մայրերը պատմում են, թե ինչու են իրենց տղաները բանտում հայտնվել
Հունվարի 6-ին մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին անում Բաքվի վերաքննիչ դատարանի շենքի մոտ: 15 մասնակից էր ձերբակալվել, նրանցից 7-ի գործով հունվարի 7-ին նիստ էր կայացել: Երեքը միջինում երեքական շաբաթվա վարչական կալանքի է դատապարտվել, իսկ չորսը՝ տուգանվել 400-450 մանաթով (մոտ 250 դոլար):

«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ հունվարի 12-ին հանրահավաք է անցկացնելու ի պաշտպանություն Մեհմանի:

Քաղաքական գործիչների արձագանքը

«Մուսավաթ» և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունների յոթ ակտիվիստ նույնպես հացադուլ էր հայտարարել որպես Մեհմանի հետ համերաշխության նշան:

«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցությունը, որի առաջնորդ Իլգար Մամեդովը մինչև վերջերս գլխավորում էր ադրբեջանցի քաղբանտարկյալների ցանկը, սոցցանցերում նույնպես աջակցում է ի պաշտպանություն Մեհմանի արշավին:

Հասարակության արձագանքը

Ոչ միայն լրագրողներն ու քաղաքական ակտիվիստներն, այլ նաև սոցցանցերի հասարակ օգտատերերը սկսեցին գրառումներ կատարել #freeMehman հեշթեգով:

Այս և այլ նմանատիպ հեշթեգեր սկսեցին հայտնվել նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական էջի գրառումների մեկնաբանություններում (և արագ հեռացվեցին էջի մոդերատորների կողմից):

Հունվարի 5-ին սոցցանցերում հայտնվեց Ալի Աբդալովի լուսանկարները, հասցեն ու հեռախոսահամարը, որը Մեհմանին մեղադրել է ծեծի համար: Բլոգերի կողմնակիցներն Աբդալովին սոցցանցերում փնովում էին և անգամ առաջարկում էին իրականում գտնել և պատժել:

Բեռլինում բնակվող ադրբեջանցի ռեփեր Ջալալ Ալին Մեհմանին երգ է նվիրել, որում նա հեգնանքով դիմում է Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով «հետ կանչել իր ոհմակին»:
Լրատվամիջոցների արձագանքը

Բոլոր տեղական լրատվամիջոցներն այսպես թե այնպես արձագանքեցին այս իրադարձություններին. իշխանամետները շեշտը դնում էին պաշտոնական տեղեկատվության վրա, որ Մեհման Հուսեյնովը դադարեցրել է հացադուլը, իսկ անկախները մեջբերում էին Մեհմանի փաստաբանի և հարազատների խոսքերը:

աղբյուրը՝ jam-news.net