«Իրազեկ քաղաքացիներ միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ «արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։ Շուտով նյութերը կուղարկենք Հատուկ քննչական ծառայություն։ Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք, գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»։
«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է իրավապաշտպանին՝ ցիտելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի բառերը, որով ժամանակին վիրավորել էր Իոաննիսյանին։
2018 թվականի հուլիսի 17-ին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, Արփինե Հովհաննիսյանը, հավանաբար չնկատելով, որ տեսախցիկն ուղիղ եթերով նկարահանում է քննարկումը, վիրավորել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին: Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնում ՀՅԴ-ական ու ՀՀԿ-ական գործընկերներին. «Տանք իրենց, թող իրենք սարքեն: Թե չէ էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Հետագայում Հովհաննիսյանը հերքել էր, որ իր խոսքերն ուղղված են եղել Իոաննիսյանին։
Հայկ Սարգսյանի գրառումը․
«Հարգելի ընկերներ, ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր պատին գրել է, թե իրենք տեղեկատվություն ունեն, որ ես պագամավոր եմ ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով և շուտով նյութերը կուղարկեն Հատուկ քննչական ծառայություն: Միաժամանակ, էդ խեղճուկրակն իր փորած փոսը չընկնելու համար, հայտնում է՝ «Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»:
Իր արարքին պատշաճ դիմելաձև էի մտածում, մեկ էլ հիշեցի ոչ հեռավոր անցյալում նրա հետ ուղիղ առնչություն ունենցած մեկի՝ Դանիելին բնութագրող դիպուկ ձևակերպումը:
Հուսամ, չեք մոռացել, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ նրան անմեղսունակ որակեցին, սակայն նա չփորձեց հակադարձել կամ վիճարկել: Հավանաբար, շատ փաստարկված էր բնութագիրը և նա անհեռանկար համարեց վիճարկելը: Ուստի, այսուհետ՝ ես նրան կդիմեմ այ ոչ հարգելիս կոչականով, բայց նկատի կունենամ վերոհիշյալ արտահայտությունը՝ չվիճարկելով հեղինակային իրավունքը:
Եվ այսպես, այ ոչ հարգելիս, որ այդպիսի բազմաթիվ տեղեկատվություններ ունեիք, ինչու՞ էիք դրել տակներդ և չէիք հրապարակում՝ իրազեկելու հանրությանը, որ անաշխատ չլինեին ձեզ տրամադրվող գրանտները և, որ ունեք՝ ինչու՞ եք այդպիսի տեղեկություններ մուրալու կոչով դիմում: Ավելի հիմնավորը ո՞րն ա, այ ոչ հարգելիս:
Լայն տարածում ստացած արդի բառապաշարով ասած՝ այ կլասիկ զրպարտիչ, եթե իսկույն ևեթ չհրապարակես, իբրև ձեռքներիդ տակ եղած, տեղեկությունները և, խոստացածիդ համաձայն, դրանք չհանձնես Հատուկ քննչական ծառայություն, որ պատկան մարմինները դրանց գնահատական տան, ես քեզ դատի կտամ՝ ինձ զրպարտելու նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար: Այ ոչ հարգելիս, չուշացնես, բաճկոնիցս վառվածներն էլ են դարակազմիկ «բացահայտմանդ» սպասում»: