Home / Մարզեր / Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը ծեծել է Եվրոպայի կրկնակի չեմպիոնին

Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը ծեծել է Եվրոպայի կրկնակի չեմպիոնին

Հունվարի 24-ի դրությամբ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը շարունակում է մնալ կալանքի տակ մինչև մեղադրանքի առաջադրելը։

Վրաստանի ըմբշամարտի ազգային առաջնությունը սկանդալային էր․ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Գեգա Գեգեշիձեն մետաղական առարկայով հարվածել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Զուրաբ Դաթունաշվիլիի գլխին։ Կոնֆլիկտը տեղի է ունեցել Վրաստանի առաջնության ժամանակ՝ հարյուրավոր երկրպագուների աչքի առաջ։

Դաթունաշվիլին պահանջում է Գեգեշիձեի հրաժարականը։ Գեգեշիձեն հայտարարել է, որ չի պատրաստվում տուրք տալ անհաջող ելույթից հիասթափված մարզիկի պահանջին և կատարել այն։

Վրաստանի ըմբշամարտի առաջնությունը մեկնարկել էր Թբիլիսիի Սպորտի պալատում հունվարի 10-ին։ Երիտասարդ մարզիկներին զուգահեռ դրան մասնակցել են նաև աշխարհի և աշխարհամասի ավելի փորձառու չեմպիոններ։

Առավել լարված մենամարտերից մեկը կայացել էր հունվարի 11-ին․ գորգի վրա էին երկու տիտղոսակիր մարզիկ՝ Եվրոպայի կրնկակի չեմպիոն (2016, 2017թթ․) Զուրաբ Դաթունաշվիլին և Եվրոպայի գործող չեմպիոն Ռոբերտ Կոբլիաշվիլին։

Այդ մենամարտից շատ բան էր կախված․ հաղթողը ստանում էր աշխարհամասի առաջնության ուղեգիր և 2020թ-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն։

Մենամարտի ավարտից մի քանի վայրկյան առաջ Զուրաբ Դաթունաշվիլին բողոքել էր արբիտրներից մեկից՝ մրցավարությունն անազնիվ համարելով։ Նա մրցավարին խոսքային վիրավորանքներ էր հասցրել։ Կոնֆլիկտին անմիջապես միջամտել էին մարզիկի եղբայրն ու մարզիչները։ Լեզվակռիվը շուտով, թվում էր, ավարտվել է, սակայն էպիկենտրոնն ըմբշամարտի գորգից տեղափոխվեց Սպորտի պալատի արևմտյան տրիբունա։ Այնտեղ վայրկենական զանգվածային կռիվ բռնկվեց, որում հնարավոր չէր պարզել, թե ով էր ում հարվածում։

Կադրերում, որ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տրամադրել էր հանդիսատեսներից մեկը, երևում է, որ ուրիշնների հետ միասին կռվին մասնակցում էր Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը։ Եվ ոչ թե բաժանում էր կռվողներին, այլ ընդհակառակը, ագրեսիայով էր աչքի ընկնում։ Կադրերում լավ երևում է, թե ինչպես է Գեգա Գեգեշիձեն ինչ-որ բանով հարվածում Դաթունաշվիլիի գլխին։

Որից հետո Դաթունաշվիլին կադրում արյունլվա է երևում։ Ոմանք ասում են, որ Գեգեշիձեն ըմբիշին հարվածել է մետաղական  շղթայով, մյուսները թե՝ մահակով։

Զուրաբ Դաթունաշվիլին Ֆեյսբուքյան իր էջում Ըմշամարտի ֆեդերացիայի նախագահին մեղադրել էր ֆիզիկական վիրավորանք հասցնելու համար։ Մարզիկը գրել էր ըմբշամարտի ազգային հավաքականում տիրող անառողջ մթնոլորտի, կոռուպցիայի մասին։ Իրավապահ մարմինները գործ են հարուցել հոդվածով, որը «բռնություն» է ենթադրում։ Արդեն հարցաքննվել են լրագրողները, բուժանձնակազմը, հանդիսատեսների մի մասը։ Սակայն դեռևս չեն հարցաքննվել սկանդալի գլխավոր մասնակիցները։

Մարզիկները չեն ցանկանում համագործակցել քննության հետ։ Այդ թվում և տուժած Դաթունաշվիլին։ Նա ասում է, որ պահանջում է Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, բայց ոչ քրեական  պատիժ։ Դաթունաշվիլին շեշտը դնում է Գեգեշիձեի «ոչ տղամարդկային» արարքի վրա, այլ ոչ թե նրա կողմից օրենքի խախտման։

Պատմությանը ներգրավվել է ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները։ Նրանք պահանջում են պատժել Գեգեշիձեին։ Այդ պահանջով նրանք արդեն բողոքի մի քանի ցույց են անցկացրել։

Իսկ Գեգա Գեգեշիձեն չի պատրաստվում հրաժարական տալ։ Չնայած գոյություն ունեցող տեսագրությանը, նա հերքում է միջադեպին իր մասնակցությունն ու այն, որ մետաղական առարկայով հարվածել է Զուրաբ Դաթունաշվիլիի գլխին։ Ի դեպ, սա առաջին սկանդալը չէ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի մասնակցությամբ։

Նրա անվան հետ է կապված մայիսի 22-ի կոնֆլիկտը Կորցխելի գյուղի (Սամեգրելո) մոտ երկրի խորհրդարանի միջանկյալ ընտրությունների ժամանակ։ Կորցխելի քվեարկության օրը  մի քանի մարզիկ էր եկել, որոնք հաշվեհարդար էին տեսել ընդդիմության նարկայացուցիչների հետ։

«Միասնական ազգային շարժման» անդամներն այն ժամանակ պնդում էին, որ «զոնդերթիմերը» կազմել է հենց Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը։ Կորցխելիի միջադեպին անմիջականորեն մասնակցել էր ֆեդերացիայի նախագահի եղբայր Վլալդիմիր Գեգեշիձեն։

Ընդդիմությունը համոզված է, որ Գեգա Գեգեշիձեն, որը ժամանակին գլխավորում էր ներքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Չիկայիձեի անձնական անվատանգության թիմը, ինքն է հենց այսպես կոչված «զոնդեր», որն իրականացնում է իշխանությունների «մութ հանձնարարությունները», այդ պատճառով էլ իշխանությունները չեն շտապում նրան հեռացնել Ըմբշամարտի նախագահի պաշտոնից։