Ջերմուկ համայնքից 6, Գնդեվազից՝ 13 քաղաքացի դիմել է ՀՀ բնապահապանության նախարարություն՝ պահանջելով Ամուլսարի գործով ՇՄԱԳ դրական փորձաքննությունը ուժը կորցրած ճանաչել։
Նախարարությունը չի արձագանքնել, ինչին ի պատասխան համայնքի 19 քաղաքացիների փաստաբան Նազելի Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան երեք նոր երևան եկած հանգամանքներով, ընդդեմ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:
Փետրվարի 4-ին տեղի ունեցավ առաջին նախնական դատական նիստը, որտեղ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց կասեցնել գործի քննությունը, քանի որ ՀՀ Քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ, ինչին հակադարձեց փաստաբան Նազելի Վարդանյանը, որ այդ գործը ոչ մի կապ չունի վարչական դատարանում քննվող գործի հետ և ենթակա է դատարանի կողմից միջնորդության մերժման։ Դատական նիստը հետաձգվեց, դատավոր Արծրուն Միրզոյանի կողմից, քանի որ Բնապահապանության նախարարության ներկայացուցիչը իր ձեռքի տակ չուներ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի մասին որոշումը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 8-ին։