Վերաքննիչ դատարանի դահլիճից այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ազատ է արձակվել 2015 թվականի սեպտեմբերին Մաշտոցի պողոտայում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 5 տարի ազատազրկման դատապարտված Գարիկ Բաբախանյանը։ Մյուս ամբաստանյալների պատժաչափերը նույնպես փոփոխվել են։
«Շնորհակալություն, ցտեսություն», -որդուն գրկախառնված՝ դատարանից դուրս է եկել Բաբախանյանի մայրը։
Գարիկ Բաբախանյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (խուլիգանություն)։ Նա բանտում էր անցկացրել մոտ 3 տարի։
«Սպասում էի, որ դատարանը նման վճիռ կընդուներ, քանի որ գործի ապացույցներն այնպիսին էին, որ այլ ելք չկար։ Խուլիգանության մասնակցության վերաբերյալ որևէ ապացույց չկար։ Փաստորեն նա մեկ տարուց ավել բանտում է անցկացրել»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Բաբախանյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը։
Գործի մասին մանրամասն՝ այստեղ։
Նշենք, որ համաձայն մեղադրանքի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան Անդրանիկ Գաբրիելյանը Սամվել Սաֆարյանի, Հակոբ Բոյաջյանի և Գարիկ Բաբախանյանի հետ Երևանի Հանրապետության հրապարակում ծեծել են Ռուբիկ Առաքելյանին և գողացել նրա հեռախոսը։ Մեկ ժամ անց խումբը հայտնվել է Մաշտոցի պողոտայում, որտեղ նրանք հանդիպել են իրենց ծանոթին՝ Գևորգ Մարգարյանին։ Ծանոթների միջև վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Նույն պահին մեքենայով անցնող պատգամավոր Գուրգեն Արսենյանը և նրա թիկնապահ Ավետիս Գալստյանը կանգնել են և փորձել են միջամտել կռվին։ Սակայն, ըստ Datalex-ի նյութերի, խումբն անտեսել է նրանց դիտողությունները, և ծեծկռտուքի մասնակիցները շարունակել են «սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել և բռնության գործադրման սպառնալիքներ տալ»։ Այնուհետև Անդրանիկ Գաբրիելյանն իր մոտ եղած դանակով հարվածել է պատգամավորի թիկնապահի կրծքավանդակին՝ «պատճառել միջին ծանրության վնաս»։ Այդ ընթացքում պատգամավորը մեքենայից ատրճանակ է վերցրել, որից հետո միայն խմբի անդամները փախել են։
16 տարվա ազատազրկման դատապարտված 24-ամյա Անդրանիկ Գաբրիելյանի պատժաչափը Վերաքննիչ դատարանը նույնպես փոխել է։
Նրա շահերը վերաքննիչ դատարանում պաշտպանող Տիգրան Սարգսյանը նշել է, որ դեռ հստակ չէ, թե քանի տարով է կրճատվել իր պաշտպանյալի պատժաչափը, քանի որ այսօր դատարանը ընթերցել է միայն արարքների վերաորակավորումների մասին տվյալներ։ Երբ ստանա դատարանի վճիռը, հոդվածներն ուսումնասիրելուց հետո հստակ կասի, թե քանի տարի է Վերաքննիչը տվել Գաբրիելյանին․ «Մոտավորապես 8 տարի և մի քանի ամիս»։
«Մենք բավարաված ենք դատարանի որոշումից, բայց մեր վերջնական կարծիքը կարող ենք ասել դատարանի վճիռը ստանալուց հետո։ Անդրանիկին առաջադրվել էր սպանություն փորձ հոդվածը, սակայն հավանաբար դատարանը հիմնավորված չի համարել դա, քանի որ իրոք ոչ մի ապացույց չկար։ Հարվածը առողջությանը միջի ծանրության վնաս է հասցվել», -ասել է Սարգսյանը։
Նշենք, որ ամբաստանյալները հաստատում են, որ իրենք մասնակցել են ծեծկռտուքին, սակայն պնդում են՝ իրենց նկատմամբ կիրառված պատժաչափերը չափազանցված են։ Նրանց հարազատները համոզված են, որ քննիչների և դատարանի որոշումների վրա ազդել է պատգամավոր Արսենյանի գործոնը։