Home / Դատարան / Դատավորի երկակի ստանդարտները․ մեկին ազատում է, մյուսին՝ 16 տարի տալիս

Դատավորի երկակի ստանդարտները․ մեկին ազատում է, մյուսին՝ 16 տարի տալիս

2015 թվականի սեպտեմբերին Մաշտոցի պողոտայում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով անցնող ամբաստանյալները հաստատում են, որ իրենք մասնակցել են ծեծկռտուքին, սակայն պնդում են՝ իրենց նկատմամբ կիրառված պատժաչափերը չափազանցված են։ 16 տարվա ազատազրկման դատապարտված 24-ամյա ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանի պաշտպան Տիգրան Սարգսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը համոզված է, որ առաջին ատյանի դատարանի նման խիստ պատիժը պայմանավորված է եղել պատգամավորի գործոնով։

Դատական տեղեկատվական համակարգում առկա գործի նյութերի համաձայն՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան Անդրանիկ Գաբրիելյանը Սամվել Սաֆարյանի, Հակոբ Բոյաջյանի և Գարիկ Բաբախանյանի հետ Երևանի Հանրապետության հրապարակում ծեծել են Ռուբիկ Առաքելյանին և գողացել նրա հեռախոսը։ Մեկ ժամ անց խումբը հայտնվել է Մաշտոցի պողոտայում, որտեղ նրանք հանդիպել են իրենց ծանոթին՝ Գևորգ Մարգարյանին։ Ծանոթների միջև վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Նույն պահին մեքենայով անցնող պատգամավոր Գուրգեն Արսենյանը և նրա թիկնապահ Ավետիս Գալստյանը կանգնել են և փորձել են միջամտել կռվին։ Սակայն, ըստ Datalex-ի նյութերի, խումբն անտեսել է նրանց դիտողությունները, և ծեծկռտուքի մասնակիցները շարունակել են «սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել և բռնության գործադրման սպառնալիքներ տալ»։ Այնուհետև Անդրանիկ Գաբրիելյանն իր մոտ եղած դանակով հարվածել է պատգամավորի թիկնապահի կրծքավանդակին՝ «պատճառել միջին ծանրության վնաս»։ Այդ ընթացքում պատգամավորը մեքենայից ատրճանակ է վերցրել, որից հետո միայն խմբի անդամները փախել են։

Առաջին ատյանի դատարանը՝ ի դեմս դատավոր Գագիկ Պողոսյանի, Անդրանիկ Գաբրիելյանին դատապարտել է միանգամից 3 հոդվածներով՝ կողոպուտ (176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով), խուլիգանություն (258-րդ հոդվածի 4-րդ մասով) և հանցափորձ-սպանություն (34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով): 24-ամյա երիտասարդը դատապարտվել է  16,6 տարվա ազատազրկման։

Վերաքննիչ քրեական դատարանում Գաբրիելյանը և խմբի մյուս անդամներն այս պահին բողոքարկում են Պողոսյանի խիստ պատիժը։

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ իրենք չեն բողոքարկում գործի փաստական հանգամանքները՝ «ինչ եղել, եղել է, կամերաներն էլ նկարել են», այլ վիճարկում են իրավական որակումները։

Սպանության փորձ որակավորում տալը, Սարգսյանի համոզմամբ, աբսուրդ է։ Իր գործունեության ընթացքում փաստաբանը դեպքերի է հանդիպել, երբ անձին բազմակի հարվածներ են հասցրել, և քրեական գործը հարուցվել է առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով և ոչ սպանություն. «Եղունգկտրիչով մի հատ տվել է դոշին, որակել են սպանության փորձ»։

Սարգսյանի խոսքով՝ դիտավորյալ սպանության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Գաբրիելյանը մինչ այդ չի ճանաչել պատգամավորին և նրա թիկնապահին և չէր կարող ծրագրել և դիտավորյալ փորձեր նրան սպանել։ Արարքն առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու հանցակազմ է պարունակում, պնդում է փաստաբանը, և հետևաբար 34-104-րդ հոդվածը պետք է փոխվի 113-րդ հոդվածով։ Եթե հոդվածը փոխված լիներ, գուցե իր պաշտպանյալը կարողանար համաներմամբ ազատ արձակվեր, կարծում է Սարգսյանը։

Անդրանիկ Գաբրիելյանի հարազատների պնդմամբ՝ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իրենց հետ մասնավոր զրույցներում նշել է՝ ամեն ինչ անելու է, որ Անդրանիկը հատկապես ծանր պատիժ ստանա․ «Ինձ պատիվ չի, որ փողոցի մի հատ լակոտը իմ օգնականին հարվածի։ Ուրմեն էնքան թո՞ւյլ ա իմ օգնականը»։ Ինչո՞ւ է Անդրանիկը հարվածել պատգամավորի թիկնապահ Ավետիս Գալստյանին․ հարազատները նշում են, որ երբ նա տեսել է, որ թիկնապահը և պատգամավորը զենքով են սպառնում, վախից հանել է գրպանի փոքր դանակը և փորձել է պաշտպանվել, այդ ժամանակ էլ հարվածել է թիկնապահին։ Հարազատները համոզված են, որ քննիչների և դատարանի որոշումների վրա ազդել է պատգամավորի գործոնը։

Ուշագրավ է, որ դեպքից մոտ մեկ տարի անց՝ 2016 թվականի ապրիլին, Արսենյանի 24-ամյա որդու՝ Գուրգեն Արսենյանի դեմ քրեական գործ է հարուցվել խուլիգանություն հոդվածով, և գործը քննել է նույն դատավորը՝ Գագիկ Պողոսյանը։

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Արսենյանը մի խումբ անձանց հետ 2016 թ.-ի ապրիլի 17-ին Աբովյան փողոցի «Կրիստալ» գիշերային ակումբի հաճախորդների հետ է վիճել, և  հարցերը պարզելու համար վիճաբանողները դուրս են եկել ակումբից. «Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Արսենյանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հետ վիճաբանողների մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաները` գետնից վերցրած քարերը, մի քանի անգամ նետել է նրանց ուղղությամբ»։

Քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախատեսում է 4-7 տարի ժամկետով ազատազրկում։ Դատարանը, սակայն, հաշվի է առել, որ Արսենյանը համաձայնվել է մեղադրանքի հետ՝ «անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար», բացի դա պատգամավորի որդին դրական է բնութագրվել, և կիրառել է Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այն է՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Ավելին, մեկ տարի անց ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի բաժնի պետ Գ. Իսախանյանի միջնորդությամբ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու շրջանակներում Արսենյանն ազատվել է 2017 թվականի դատավճռով նշանակված պատժից: