«Հեղափոխություն չի եղել»-ը կոնտեքստից կտրված է տարածվում. «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն անդրադառնում է պետական «Արմենպրես» գործակալության աշխատաձևին։
Փետրվարի 14-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում, խոսելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հնչող քննադատության մասին, ասել է․ «Ասում են՝ հեղափոխություն չի եղել»: Վարչապետի այս խոսքը, որպես փաստական հանգամանք, տարածել է նաև պետական «Արմենպրես» գործակալությունը: Փորձենք, սակայն, հասկանալ, թե ո՞վ և ի՞նչ կոնտեքստում է ասել «հեղափոխություն չի եղել» արտահայտությունը:
Այսպիսով, վարչապետն իր ելույթից բավականին զգալի հատված նվիրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին հակադարձելուն, որի ընթացքում, ի թիվս այլի՝ նշել է․ «․․․Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել: Բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք այստեղ նստած»:
«Լուսավոր Հայաստանին» «հեղափոխություն չի եղել» արտահայտությունը վերագրեցին նաև որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական «Արմենպրես» գործակալությունը:
Խոսքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մասին է, որն իր ելույթում դժգոհություն էր հայտնել կառավարության հնգամյա ծրագրում տեղ գտած արտաքին քաղաքական և պաշտպանության հատվածներին՝ մասնավորապես հայտարարելով․ «Եթե մենք կառավարության ծրագիրը դիտարկենք որպես հեղափոխության արդյունք, ապա ցավով պետք է արձանագրենք, որ ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել՝ բառի խորքային, արժեքային, գաղափարական և քաղաքակրթական առումներով»։
Հենց այս խոսքից էլ առանձնացվել է քննարկման առարկա արտահայտությունը, և տպավորություն է ստեղծվել, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը չի ընդունում ապրիլյան իրադարձությունների առկայությունը և մերժում հեղափոխության լինելու փաստը։ Այնինչ, Արման Բաբաջանյանը նկատի է ունեցել այն, որ կառավարության ծրագիրը պետք է ինքնին լիներ հեղափոխական, իսկ ծրագրում, ըստ պատգամավորի, հեղափոխություն տեղի չի ունեցել, և այն որևէ կերպ չի արտացոլում նոր կառավարության որդեգրած արժեքները։
«Արմենպրես» պետական գործակալությունը, սակայն, «Հեղափոխություն չի եղել» արտահայտությունը ներկայացնում է որպես «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտեցման փաստական իրողություն՝ առանց կոնտեքստի ներկայացման: Հարկ է նշել` այլ լրատվամիջոցները, որպես կանոն, զուտ մեջբերել են վարչապետին և ոչ թե սեփական անունից ընդդիմադիր խմբակցությանն են վերագրել այդ արտահայտությունը՝ այն էլ առանց ամբողջական համատեքստի ներկայացման:
Հավելենք, որ «Արմենպրես» գործակալությունը գործում է պետական ֆինանսավորմամբ և միայն 2018 թվականին հարկատուների հաշվին պետբյուջեից ստացել է մոտ 150 մլն դրամ։
«Ֆեյսբուք» սոցցանցում «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը մեկնաբանել է կազմակերպության հայտարարությունը, մասնավորապես, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, կարող էր և սխալվել․ «Բայց որ մեր հարկերից փող ստացող Արմենպրեսը կոնտեկստից կտրած արտահայտություն է տարածում և վերագրում ընդդիմությանը – այ դա ամաչելու բան է: Շատ երկրներում ժողովրդավարեցմանը զուգահեռ պետական լրատվամիջոցներն արգելվում են: Եթե մենք անգամ չենք արգելում, ապա պիտի ապահովենք անկախությունը և ներքաղաքական չեզոքությունը»:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենն է Արամ Անանյանը, ով 2014 թվականից է զբաղեցնում պաշտոնը՝ այն ժամանակվա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման համաձայն։