հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Հայաստանում՝ կին քաղաքապետ, Վրաստանում՝ օլիգարխիա, Ադրբեջանում՝ հուսադրող չէ․ Freedom House

Հայաստանում՝ կին քաղաքապետ, Վրաստանում՝ օլիգարխիա, Ադրբեջանում՝ հուսադրող չէ․ Freedom House

2018 թվականին նախորդ տարվա համեմատ Հայաստանն ամենամեծ աճն է գրանցել Freedom House միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցի «Քաղաքական իրավունքներ» կատեգորիայում։ 100 բալանոց սանդղակում Հայաստանը հայտնվել է մասնակի ազատ երկրների խմբում՝ 51 վարկանիշով։ Հարևան Ադրբեջանն իր 11 բալ վարկանիշով անազատ երկրների շարքում է։ Վրաստանը 63 բալով հայտնվել է մասնակիորեն ազատ երկրների խմբում։ Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի ու Հարավային Օսիայի մասին մանրամասն զեկույցները բացակայում են։ Այնուհանդերձ, դրանք նույնպես աղյուսակում տեղ են գտել․ Աբխազիա և Լեռնային Ղարաբաղը համարվել են մասնակիորեն ազատ տարածքներ՝ համապատասխան 41 և 31 բալերով, Հարավային Օսիա՝ անազատ տարածք, 10 բալով։

Իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակն աշխարհում 13 տարի շարունսկ տարեցտարի ավելի է վատթարանում՝ սկսած 2005թ–ից, ասված է զեկույցում։

2018թ–ին իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակը վատթարացել է 68 երկրներում, բարելավվել՝ 50-ում։ Պատճառը՝ ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամն է։

Ինչպես նշվեց, նախորդ տարվա համեմատ Հայաստանն ամենամեծ աճն է գրանցել «Քաղաքական իրավունքներ» կատեգորիայում։ Այստեղ երկիրը բարձրացել է հինգ կետով և մեկից յոթը սանդղակում ստացել 4 գնահատականը, որտեղ  մեկը գերազանցն է։

Երկրի ցուցանիշների բարելավումը զեկույցի հեղինակները բացատրում են հետևյալ պատճառներով.

• Նախագահի, այնուհետև կարճ ժամկետով վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի հրաժարականը հնարավորթյուն է տվել ավելի արդար և ազատ ընտրություններ անցկացնելու, ինչպես խորհրդարանական, այնպես էլ Երևանի ավագանու։

•  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ավելի պատասխանատու վարք են դրսևորել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

• Թուլացել է իշխանությունների միջամտությունը քաղաքական կուսակցությունների և հասարակական միավորումների գործունեությանն, այդ թվում՝ նախընտրական փուլում։

• Ցուցադրվել է, որ ընդդիմությունը կարող է իշխանության գալ ընտրությունների միջոցով ինչպես ազգային, այնպես էլ՝ մունիցիպալ մակարդակում։

• Հասարակությունում հանդուրժողականության մակարդակն աճում է, օրինակ, երկրի պատմության մեջ առաջին անգամ որպես քաղաքներից մեկի ղեկավար կին է ընտրվել։

Վրաստանի վարկանիշը նախկինի պես լավագույնն է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում, սակայն երկու հիմնական կատեգորիաներում՝ «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ», Վրաստանը մեկ կետով հետընթաց է ապրել։ Մասնավորապես, «Քաղաքական իրավունքներ» կատեգորիայում երկիրը 3 գնահատականն է ստացել մեկից յոթը սանդղակում, որտեղ մեկը գերազանց իրավիճակն է։

Զեկույցի հեղինակները նշում են լրջագույն բացասական իրադարձություններն ու միտումները.

• Օլիգարխների ավելորդ ազդեցությունը քաղաքական կյանքի վրա։ Առաջին հերթին, խոսքը «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մասին է։

• Ոստիկանության և դատարանների ոչ իրավաչափ գործողությունները, որոնք Թբիլիսիում հանգեցրին զանգվածային ցույցերի և դրանց առաջնորդների կալանքների։

• Ընտրողներին կաշառելու և վախեցնելու բազմաթիվ դեպքեր, ինչպես նաև նախագահական ընտրություննների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործում։

• Ընտրական հանձնաժողովի գործողությունները դատարանում բողոքարկելու դեպքում ոչ բավարար թափանցիկություն։

• Նախընտրական դաշինքների ստեղծման արգելք, որը փոքր կուսակցություններին զրկում է ներկայացված լինելու հնարավորությունից։

• Կոռուպցիայի դեմ պայքար իշխանության բարձր էշելոններում չի տարվում։ Պետական պաշտոնների նշանակելիս, կարևորագույն դեր են կատարում ազգակցական և ընկերական կապերը։

• Լրատվամիջոցները պետության կողմից ճնշման են ենթարկվում։ Օրինակ են բերվում՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի սեփականատիրոջը ճշտելու հետ կապված սկանդալային պատմությունն ու Հանրային հեռուստատեսության կադրային քաղաքականությունը։

• Կրոնական փոքրամասնությունները բողոքում են խտրականությունից, միաժամանակ Վրաց ուղղափառ եկեղեցին արտոնյալ կարգավիճակ ունի։

Ադրբեջանում իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակի մասին զեկույցը դեռ նախապատրաստական փուլում է։ Սակայն ընդհանուր տվյալները հուսադրող չեն։