ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու որոշումն՝ ընդգծելով, որ այդ քայլը պատմական առաքելություն է։
«Սիրիա ինչու ենք գնացել, հենց գնացել ենք մեր ինքնիշխանության նկատառումներով և գնացել ենք մեր ինքնիշխանության և մեր պատմական առաքելության նկատառումներով։ Եվ ես եթե համարում եմ, որ եթե էսօր մեր բժիշկը, որոնք, ի դեպ, արդեն 100-ից ավել բժշկական միջամտություններ են արել, փրկել ա մի մարդու կյանք, ում պապը 1915 թվին ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել ա, մի կտոր հաց ա տվել կամ մի բաժակ ջուր, ես համարում եմ, որ մենք դրանով էդ պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին։ Էդ ականազերծվող տարածքում երեխաներ են վազվզում և խաղում։ Եթե էսօր մեր մասնագետները 100 քառակուսի մետր տարածք են բացում էն մարդկանց թոռների համար, որոնք ժամանակին ապաստան են տվել ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, ես համարում եմ, որ սա պատմական առաքելություն ա, որ մենք իրականացնում ենք Սիրիայում։ Ունի՞ ռիսկեր էդ առաքելությունը։ Իհարկե, ունի։ Բայց արդյոք սա մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և միջազգային սուբյեկտությունը, այո, մեծացնում է», ֊ ԱԺ նիստի ընթացքում ասել է վարչապետը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտարարել էր, որ չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր, որ Ռուսաստանը համագործակցում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի։
Ինչպես հայտնի դարձավ փետրվարի սկզբին, Հալեպ է մեկնել հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83-հոգանոց խումբը: Ըստ ՀՀ ՊՆ֊ի՝ որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները և մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: