«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Լարա Ահարոնյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում պատմել է մայիսի 20-ին իր հետ կատարվածի մասին։ Ուղղագրությունը պահպանված է․ «Այսօր երբ գործից հետո վերադառնում էի տուն, երկու անծանոթ միջին տարիքի տղամարդ ճանապարհս կտրելով առջևս ընկան ու սկսեցին անկապ հարցեր տալ: Հեռախոսով էի խոսում այն ժամանակ, կանկ արա, որ լսեմ ինչ են ուզում ինձնից: Սկսեցին գողական նայվածքներ գցելով կորկրալ «դու էդ կինն ես որ երեխաներին է այլասերում՞ հեռուստացույցով որ ցույց են տալիս մանկապղծություն ես քարոզում՞… գնա էս երկրից, սա քո երկիրը չի, թե չէ …» տենց, ձեռքերովս մի քանի ժեստեր արեցի իրենց ուղղությամբ ու շարունակեցի ճամփաս: Ինչ եմ ուզում ասել, սա իմ երկիրն է ու ես մնալու եմ այստեղ ինչքան ուզում եմ, հարմարվե´ք պարոնայք»։
Վերջին ամիսներին ընտանեկան բռնության և կանանց իրավունքների հարցով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ արշավ է իրականացվում։ Մասնավորապես, մարտի 11-ին Ահարոնյանը հաղորդում էր տվել Ոստիկանություն՝ իր նկատմամբ հարձակումների, վիրավորանքների և ատելության խոսքի վերաբերյալ՝ պահանջելով գտնել և պատժել հարձակումների պատասխանատուներին։
Իսկ մայիսի 4-ին Երևանի «Բուկինիստ» գրախանութում տեղի էր ունեցել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մի խումբ մարդիկ մուտք էին գործել գրախանութ և ձվեր նետել կազմակերպիչների վրա։ Դրան զուգահեռ սոցիալական ցանցերում նրանք և նրանց աջակիցներն ատելության կոչեր էին տարածում գրքի հեղինակների հասցեին։ Միջադեպից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը, ավելի ուշ՝ թեմայի շուրջ խոսել ասուլիսի ընթացքում։
Ստեղծված իրավիճակին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։