«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը 2-րդ անգամ չի ներկայացել Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը, վկայի կարգավիճակ ունեցող Ծառուկյանը հարցաքննության էր կանչվել երեկ՝ հունիսի 18-ին՝ 6։30-ին, սակայն այդպես էլ չի ներկայացել:
Առաջին անգամ կոմիտեն հարցաքննության մասին ծանուցումն ուղարկել էր Ծառուկյանի գրանցման հասցե, ըստ Կոմիտեի, ԲՀԿ ղեկավարը պատռել էր ծանուցումը՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավապահ մարմնի նկատմամբ: 2-րդ անգամ ծանուցումը ուղարկվել էր խորհրդարան, սակայն այս մի հրավերը նույնպես Ծառուկյանն անպատասխան է թողել:
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց՝ Ծառուկյանը նախաքննական մարմնին չի տեղեկացրել հարցաքննությանը չներկայանալու պատճառները։ Հարցին, թե արդյո՞ք կոմիտեն կարող է այս ամենից հետո Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկել, Հարությունյանն ասաց, որ կոմիտեն նման իրավասություն ունի:
Այսօր «Ազատությունը» հարց ուղղեց Ծառուկյանին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ Քննչական կոմիտե չներկայանալով, ի վերջո կարող է բերման ենթարկվել: Ի պատասխան խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վիրավորական հայտարարություններ արեց, ասված է լրագրող Ռուզաննա Ստեփանյանի պատրաստած նյութում:
«Դատարկ-դատարկ խոսում եք։ Ես նորից եմ ասում, որ մամուլի խոսնակը իրավունք չունի քննիչի տեղը խոսելու։ Ռեալ բանից խոսացեք», – նշեց Ծառուկյանը։
Հարցին էլ՝ օրենքին ենթարկվելը դատարկությո՞ւն է, արձագանքեց. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի։ Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է»։