Այսօր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն առաջարկեց ԵՊՀ-ի հանրակացարանը բերել շահագործման վիճակի։
Նա նշեց, որ հանրակացարանը հիմնովին նորոգված է, բայց սենյակներում կահույք դեռևս չկա։ Շահագործման տեսքի բերելու համար, ըստ Գևորգյանի, անհրաժեշտ մոտ 150 միլիոնի ներդրում։ «Վստահ չեմ, որ սեպտեմբերի 1-ին կհասցնենք, բայց ամեն ինչ կանենք, որ հոկտեմբերին հասցնենք,» – ասաց Գրիգորյանը:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն նշեց, որ համալսարանը կուտակած գումարներ ունի․ այդ կապակցությամբ նա շնորհակալություն հայտնեց «նախկին կառավարիչներին»։
«Շնորհակալություն նախորդ հոգաբարձուների խորհուրդներին և կառավարիչներին, ովքեր այդ ամենին հասել են։ Խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է, որ մենք ունենք, որ կան հաշվեհամարների վրա», – ռեկտորի պաշտոնակատարի հետ համաձայնելով ասաց Մուրադյանը։
Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար է ընտրվել Արամ Սիմոնյանի մայիսի 23-ին ներկայացրած հրաժարականից հետո։ Նախկին ռեկտոր Սիմոնյանը ուսանողական խմբերի կողմից մեղադրվում էր չարաշահումների և գումարների «ոչ նպատակային» վատնման բազմաթից դեպքերի մեջ։