Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով զորացրվածների մասնակցությանը ընդունելության քննություններին, ասաց, որ գործող համակարգի պայմաններում հուլիսին զորացրվածները, ամենայն հավանականությանբ, ստիպված կլինեն դիմել մյուս տարի․ «Քանի որ 12-ամյան ստիպեց, որ զորակոչը լինի երկու անգամ՝ հուլիսին և հունվարին, ստացվեց այնպես, որ մեր լրացուցիչ փուլն իրենց ոչնչով չի կարող օգնել: Պարզապես նրանք, ովքեր գալիս են հուլիսից հետո, մի տարի կկորցնեն»:
Այսինքն, 2017-ի հուլիսին զորակոչվածները, ովքեր նախքան ժամկետային ծառայության անցնելը չեն մասնակցել միասնական քննություններին, այս տարի հնարավորություն չեն ունենա բակալավրիատ դիմելու, քանի որ միասնական քննությունների բոլոր փուլերը հուլիսին ավարտված են:
«Կա՛մ զորակոչի օրենքը պիտի փոխվի, կա՛մ ընդունելության կարգը, երկուսն էլ փոխկապակցված են, եթե ընդունելության քննություններն անցկացնում ենք հուլիսին, ապա շրջանավարտները չեն կարողանում հանձնել ավարտական քննություններ, որովհետև միասնական քննություններ են՝ և՛ ավարտական կա, և՛ ընդունելության»:
Իսկ զինվորները, ովքեր նախքան ծառայության անցնելը, հասցրել էին հանձնել ընդունելության քննությունները և հաղթահարել դրական շեմը, ընդհանուր կարգով հնարավորություն կունենան ընդունվել, սակայն միայն այն բաժիններ, որտեղ մնացել են թափուր տեղեր։