Երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում է ազգությամբ հայ աշխատողներին:
Հայտարարությունը ստորագրել է 29 մարդ: «Ազատությանը» հաջողվեց զրուցել նրանցից մի քանիսի հետ: Սարգիս Մարգարյանը, մասնավորապես, պատմեց՝ իրեն ներքին կարգով ասել են, թե կա հրահանգ վերևից՝ աշխատանքից ազատել բոլոր հայերին, և առաջարկել են դիմում գրել: Աշոտ Կարագեչյանը, իր հերթին, հայտարարեց․ «Այն ամենը, ինչ նշված է հայտարարությունում, միանշանակ ճիշտ է: Ես հաստատում եմ այդ հայտարարության ամեն տողը»:
Մեկ այլ աշխատակից՝ Ալբերտ Մինասյանը պատմեց․ – «Իմ անմիջական ղեկավարը՝ մեր ինժեները ինձ մոտեցավ և ցածրաձայն ասաց․ – «Գիտե՞ս, ինչ-որ անհեթեթություն է կատարվում, բայց վերևից հրամայել են հայերին գործից հանել»: Նա ինձ խորհուրդ տվեց դիմում գրել և թողնել աշխատանքս: Ես հո հիմար չեմ, որ գրեմ»:
Նշենք՝ գոնե այն մարդիկ, ում հետ խոսել է «Ազատություն»-ը, նախկին աշխատողներ չեն, այսօր էլ աշխատում են օդանավակայանում և պատմում են, որ իրենց խնդրել են աշխատանքից ազատման մասին դիմում գրել, որովհետև հայ են:
Սոչիի օդանավակայանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի «Բազել Աէրո» ընկերությանն է պատկանում: Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Աննա Շալիմովան, վկայակոչելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, «Ազատության» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հերքեց հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները, նշելով, թե օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը: Բացի այդ, Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնում է․ «Սակայն մարդկանց մի փոքրիկ խումբ, որ վերջերս են դադարել աշխատել ընկերությունում, դիտավորյալ օգտագործում են ազգային պատկանելիությունը՝ պահանջելով հատուկ պայմաններ իրենց համար: Մենք համարում ենք, որ այս խմբի գործունեությունը ոչ միայն իրավական դաշտում չէ, այլ նաև հրահրում է ազգամիջյան ատելություն, ինչն անթույլատրելի է»: