Հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Հայաստանում, ըստ էության, կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է՝ տակն էլ կառավարման համակարգ չկա:
Այս մասին օգոստոսի 4-ին ֆեյսբուքի ուղիղի եթերում՝ ամփոփելով իր արձակուրդային շրջանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ եղած գաղտնի մի փաստաթուղթ, որն, ըստ Փաշինյանի, կազմվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք` «մոտավորապես» 2014 թվականին։
Փաշինյանի խոսքով՝ գաղտնի այս փաստաթուղթը՝ զեկույցը, այնքան գաղտնի է, որ նա «ճիշտ չի համարում դրա անունը բարձրաձայնել»։ Զեկույցի հետ վարչապետը ծանոթացել է մի քանի ամիս առաջ, սակայն խուսափել է հրատապ հետևություններ անելուց և որոշել փաստաթուղթն ամբողջությամբ ուսումնասիրել արձակուրդի ընթացքում։
«Ինչով է կարևոր [մոտավորապես 2014 թվականին գրված գաղտնի] այս փաստաթուղթը, որ հիմա դրված է իմ սեղանին: Կարևոր է նրանով, որ այն տալիս է մեզ ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, կամ ինչ վիճակում է շարունակում մնալ մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, որոնց մասին այստեղ գրված է, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել։ Անհրաժեշտ է արձանագրել նաև, և այս փաստաթուղը այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել Հայաստանի Հանրապետությունը։
Այս փաստաթղթից բխող եզրակացությունը հետևյալն է․ ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում և, ըստ էության, սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է։ Ես կարծում եմ, որ այս փաստաթղթի հեղինակները շատ մեծ համարձակություն են ցուցաբերել այսպիսի գնահատականներ տալու վերաբերյալ, և այս փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալը օգնում է ավելի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում և ինչ խնդիրներ մենք պետք է լուծենք,» – ասաց Փաշինյանը, ընդգծելով՝ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք լուծեն մարդկանց հարցերը, լուծեն ամենաբազմազան խնդիրները։
«Վերցնենք ամենաթարմ օրինակը, որի մասին այսօր գրառում անելու առիթ ունեցա՝ ճանապարհաշինությունը։ Շատ պարզ խնդիր է։ Թվում է, թե կա գումար, այս տարի աննախադեպ մեծ գումար ենք հատկացրել ճանապարհաշինության համար, այդ գումարը Կառավարությունը հատկացրել է, թվում է, թե այլևս պետք է ճանապարհները կառուցվեն որակով, ժամանակին և պատշաճ ձևով, բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է, որովհետև նախորդ տարի մենք ունեցանք դեպքեր, երբ մրցույթն ինչ-որ ընկերություն շահում է, հաղթում է, բայց արդյունքում պարզվում է, որ ճանապարհը կառուցվել է մի որակով, որ 6 ամսվա ընթացքում պետք է քանդվի այդ ճանապարհը: Իհարկե, մենք հիմա մեխանիզմներ ենք ստեղծել և նման դեպքերում այդ ընկերություններին վճարումներ չենք անում, բայց էությունը սրանից չի փոխվում, որովհետև կորսվում է ժամանակը, փչանում է տրամադրությունը, տրամադրվածությունը։
Երբ բախվում ենք այսպիսի խնդիրներին, երբ կարդում եմ այս փաստաթուղթը, ևս մեկ անգամ համոզվում եմ նրանում, ինչ ասացի վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, որ Հայաստանում, ըստ էության, ամբողջ կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է՝ տակն էլ կառավարման համակարգ չկա: Սա մեզ համար ամենամեծ պրոբլեմն է։ Մեր կառավարությունը կանգնած է այսպիսի մարտահրավերների առաջ: Մենք, ըստ էության, պետք է Հայաստանում զրոյից ստեղծենք ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն այն պրոբլեմները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ»:
Փաշինյանը պարզաբանեց՝ ինստիտուտ ասելով նկատի ունի նաև անկախ դատական համակարգը, պետական գնումների համակարգը և այդպիսի բազմաթիվ այլ համակարգեր։
«Մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից թվում է, ես էլ ունեի այդպիսի տպավորություն, թե կայացած են, լիարժեք գործունակ են, բայց երբ սկսում ես մի քիչ ավելի խորը փորել, հասկանում ես, որ դեկորատիվ կեղևի տակ, ըստ էության, գործ ունենք կրկին ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ: Մեզ ամուր նյարդեր են պետք այս իրավիճակը կառավարելու ու լուծելու համար՝ այն առումով, որ մենք պետք է ոչ թե խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետևից, այլ հստակ ռազմավարական և մարտավարական առաջնահերթություններ ունենանք ու հերթով, առանց տուրք տալու էմոցիոնալ ֆոներին, այդ ինստիտուցիոնալ պրոբլեմները պետք է լուծենք,» – ասաց Նիկոլ Փաշինյանը։