Բողոքի երթի մասնակիցները մտավախություն ունեն, որ ակտիվիստներին կհետապնդեն «խելացի» տեսագրող սարքերի օգնությամբ։ Ցուցարարներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ժողովրդավարական բարեփոխումներ են պահանջում։
Օգոստոսի 24-ին հազարավոր մարդիկ կրկին Հոնկոնգի փողոցներ են դուրս եկել՝ հակակառավարական ցույցի։ Երթը խաղաղ սկսվեց, սակայն հետագայում իրավիճակը լարվեց։ Ոստիկանությունը բարիկադ կառուցեց Կունթհոն շարջանում, որտեղ երթն էր ընթանում։ Ուժայինները նաև արցունքաբեր գազ կիրառեցին։
Բողոքողները տվյալ վայրն են ընտրել, քանի որ հենց այս շրջանում էին առաջին անգամ տեղադրվել այսպես կոչված խելացի տեսագրող սարքերը։ Ցուցարարները մտավախություն ունեն, որ իշխանություններն այս տեխնոլոգիան կօգտագործեն՝ ժողովրդավարության կոչ անող ակտիվիստներին հետապնդելու համար։ Վերջիններս նաև քննադատել են մետրոպոլիտենի օպերատորի գործողությունները, քանի որ երթի մեկնարկից առաջ գնացքները դադարել էին կանգ առնել տվյալ շրջանի կայաններում։
Զանգվածային ցույցեր՝ իշխանությունների՝ Չինաստանին արտահանձնումը թույլատրելու պլանների պատճառով
Հունիսից Հոնկոնգում բազմահազարանոց ցույցեր են ընթանում, որոնց մասնակիցներն ի սկզբանե իշխանությունների պլանների դեմ էին արտահայտվում, այն է՝ թույլ տալ ենթադրյալ իրավախախտների արտահանձնումը Չինաստանին։ Ավելի ուշ նրանք սկսեցին ժողովրդավարական բարեփոխումներ, համընդհանուր ընտրական իրավունքի ներդնում և Հոնկոնգի ադմինիստրացիայի ղեկավարի՝ Քերրի Լամի հրաժարականը պահանջել։ Պահանջներից մեկն է՝ նախորդ ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից կիրառված բռնության դեպքերի անկախ հետաքննությունն իրականացնելը։
Հատուկ վարչական շրջանը՝ Հոնկոնգը, Չինաստանի մաս է կազմում 1997 թվականից։ Մինչև 2047թ․ Հոնկոնգին հատուկ լայն իրավունքներ են երաշխավորված, դրանց թվում են մամուլի, հավաքների և կարծիք արտահայտման ազատությունը։ Չնայած չինական իշխանությունների՝ ակցիները չափավորելու ջանքերին, բրիտանական այս գաղութի Չինաստանին հանձնման ժամանակներից ի վեր ամենազանգվածային բողոքի ցույցերը շարունակում են ընդարձակվել։