Ռուսաստանի Վլադիմիրսկայա շրջանի դատարանը Հայաստանի քաղաքացի Աշոտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել դեռահասին «Իսլամական պետություն» (ISIS`Islamic State of Iraq and Syria, Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորում հավաքագրելու մեջ և դատապարտել 14 տարվա ազատազրկման, հայտնում է «Կավկազսկիյ ուզել» պարբերականը՝ հղվելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ)։
Գրիգորյանը դատապարտվել է անչափահասին Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ ներքաշելու համար։ Նրա կողմից հավաքագրված երիտասարդը ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով մեկնել է Սիրիա։
«Գրիգորյանի ապօրինի գործունեության հետագա քննության ընթացքում բացահայտվեց նրա կողմից ԻՊ ահաբեկչական խմբավորում անչափահասի ներգրավման դեպք։ Դեռահասը՝ գտնվելով Գրիգորյանի ազդեցության տակ, մեկնալ է Սիրիա՝ ահաբեկիչների շարքերում ռազմական գործողությունների մասնակցելու համար” ― հայտնում են ԱԴԾ-ի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Գրիգորյանը ավազակության և գողության համար դատապարտվել է տասը տարվա ազատազրկման փակ տիպի ուղղիչ հիմնարկում։ Տղամարդը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, երբ նրան պատժի կրման նպատակով տեղափոխում էին Վլադիմիրսկայա շրջան։ Դեռահասին, ըստ իրավապահների, մեղադրյալը ներքաշել է ահաբեկչական խմբավորում այն ժամանակ, երբ դեռ ազատության մեջ էր գտնվում։
Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, 2019 թվականի հունիսին Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի շրջիկ կոլլեգիայի կողմից նա ճանաչվել է մեղավոր։ Քննությունը դեռևս չի պարզել հավաքագրված և Սիրիա մեկնած երիտասարդի հետագա ճակատագիրը, հայտնում է «Կավկազսկիյ ուզել»-ը։