Home / Դատարան / Նորքի «հանցավոր խմբի» գործով գլխավոր մեղադրյալը ազատ է արձակվել

Նորքի «հանցավոր խմբի» գործով գլխավոր մեղադրյալը ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր որոշում կայացրեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Նորքի հանցավոր խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին, հայտնում է «Հետք» առցանց թերթը։

Վարդանյանը, ով 2015 թվականի նոյեմբերից անազատության մեջ էր գտնվում և, ըստ նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը, կալանքի տակ գտնվելու ընթացքում առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, արգելանքից ազատվեց հենց դատարանի դահլիճից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր վերսկսել է 2015 թվականին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի («Նորքի հանցավոր/զինված խմբի գործը») քննությունը։

Քրգործը 2016 թվականից գտնվում էր դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում, այժմ այն վերամակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։

Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։

2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել (ավելի ուշ՝ նաև տեսահոլովակ) Նորք–Մարաշում զինված խմբի վնասազերծման վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի, նոյեմբերի 25-ին ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում Նորք-Մարաշում գտնվող առանձնատանը ուժայինները հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են։

Վարդանյանը ավեի ուշ ընդունել է, որ հայտնաբերված զինամթերքը իրեն է պատկանում, սակայն պնդել է՝ իշխանության զավթման նպատակ չի ունեցել, այլ մտադիր է եղել ձեռք բերած զինամթերը տանել Ղարաբաղ, քանի որ տեղեկություններ է ունեցել սահմանին ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ այս գործով անցնող գլխավոր մեղադրյալներից է նաև Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով մեղադրվում է զինված խմբավորման հետ համագործակցելու և դրա օգտին գործելու մեջ: Ընդհանուր առմամաբ գործով մեղադրանք էր առաջադրվել 33 հոգու: