«Բարեկամություն» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող` դեպի գետնանցում տանող աստիճանների վրա անօրինական կառուցված կրպակների ապամոնտաժումն սկսվել է։ Այժմ դրանց մի մասն արդեն իսկ փակ է, իսկ դեռ գործող կրպակների աշխատողները, կարծես, ամբողջությամբ համակերպվել են սպասվող փոփոխությունների հետ։ «Չե՞ք տեսնում, արդեն փակ են։ Մնացածն էլ փակվելու է», ֊ անտարբեր ձայնով ասաց մի կին։ Կրպակների անօրինական լինելու մասին մարդիկ, հավելեց նա, միշտ էին տեղյակ։
Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը տեղեկացրել է, որ այս վայրում կառուցված կրպակները հակասում էին բոլոր հնարավոր, այդ թվում՝ մետրոյի տարհանմամ նորմերին։ Ըստ նրա՝ ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի։