ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը բազմաթիվ զանգեր է ստացել Epress.am֊ի լրագրողներին Վրաստան մուտքն արգելելու հետ կապված։
«Խնդրի վերաբերյալ տեղյակ ենք։ Վրաստանում մեր դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել վրաց գործընկերների հետ, խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները և խնդիրը ներկայացվել է Վրաստանի ԱԳՆ», ֊ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նաղդալյանը՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է վրացական կողմի պարզաբանումը, ինչից հետո դեսպանատունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
Հոկտեմբերի 11-ին լրագրողներին 4 ժամից ավել պահեցին Բավրա-Նինոծմինդա անցակետում, իսկ հետո արգելեցին մուտք գործել Վրաստանի տարածք։ Ասվեց, որ արգելվում է տեսախցիկ, երկու բռոշ բարձրախոս և նոութբուք անցկացնել։ Այս ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով Epress.am-ը բազմիցս է մեկնել և աշխատել Վրաստանում։
Այնուհետև սահմանապահն սկսեց հավատարմագրման մասին խոսել։ Թղթակիցները տեղեկացրել էին, որ հայաստանյան լրագրողները հաճախ են տարածաշրջանային նախագծերին մասնակցում և դրա համար պետք չէ հավատարմագրվել։ Վերջին անգամ նմանատիպ այցի ժամանակ, որն օգոստոսին էր, սահմանին որևէ խնդիր չէր եղել։ «Իրավիճակը փոխվել է», ֊ արձագանքեց սահմանապահը։
Այդ ընթացքում Վրաստանում լրագրողներին էին սպասում վրաց գործընկերները, որոնց հետ, սակայն, սահմանապահները հրաժարվել են զրուցել հեռախոսով։