Սահմանապահ ոստիկանության կողմից Վրաստանի սահմանն անցնող հայաստանցի լրագրողներից հավատարմագրեր պահանջելը «անօրինական ու անհեթեթ էր»։ Այս մասին OC Media-ի հետ զրույցում խոսել է իրավաբան, «Մարդու իրավունքների մոնիթորինգի և ուսուցման կենտրոնի» (EMC) ծրագրային տնօրեն Թամթա Միկելաձեն։
Հոկտեմբերի 11-ին Epress.am առցանց հրատարակության լրագրողներին առանց բացատրության արգելել են մտնել Վրաստան։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը OC Media-ին հայտնել է, որ հայաստանցի լրագրողների մուտքն արգելվել է «Օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» 11-րդ օրենքի 1-ին հոդվածի «i» կետի համաձայն՝ «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։
«Օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» 11-րդ օրենքի 1-ին հոդվածի «i» կետը նախկինում ևս կիրառվել է լրագրողների մուտքը Վրաստան սահմանափակելու համար։ Այդ կետում մուտքն արգելող լղոզված հիմնավորումներ են՝ «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր», ինչը նշանակում է, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել, խումբը երկրի համար վտանգ չի ներկայացնում, հետևաբար՝ հնարավոր չէ կիրհայառել 11-րդ հոդվածի մյուս կետերը։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ասլանբեկ Դադաևին, ով չեչեներենով վարում է «Ռադիո Մարշո» հաղորդումը, մի քանի անգամ արգելվել է մուտքը Վրաստան, վերջին անգամ՝ 2018-ի նոյեմբերին։
Հունվարին EMC-ն դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ սահմանապահ ոստիկանությանը մեղադրելով Դադաևի ազատ տեղաշարժման իրավունքի խախտման մեջ։
Իրավաբան Թամթա Միկելաձեի խոսքով, ներկայումս իրենց կազմակերպությունը դատարանում ներկայացնում է ևս մի քանի այլ լրագրողների իրավունքներ, ում մուտքը Վրաստան արգելվել է։ Այդ թվում է նաև ադրբեջանական «Meydan TV»-ի լրագրող Ջամիլ Ալին։
Միկելաձեն նշել է, որ նույն մոտեցումը կիրառվում է նաև քաղաքական ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ, ովքեր քննադատում են իշխանություններին Կովկասյան այլ երկրներում։ Իշխանությունները նույն պատրվակով արգելում են մուտքը Ասիայի և Աֆրիկայի եկրներից եկած հյուրերի համար։
Ախալքալաքի jnews.ge վրացական հրատարակչությունը ևս փորձել է պարզել հայաստանցի լրագրողների մուտքը Վրաստան արգելելու պատճառները։ Ներքին գործերի նախարարությունը նրանց ևս նույն պատասխանն է տվել՝ «i» կետ։
Այսինքն, պատճառն անհասկանալի է մնում։
«Մարդու իրավունքների մոնիթորինգի և ուսուցման կենտրոնի» (EMC) հայտարարության մեջ ասվում է, որ «i» կետը «խրախուսում է ադմինիստրատիվ կամայականությունների պրակտիկան, ինչը [ներքին գործերի նախարարությանը] հնարավորություն է տալիս ապօրինի և հաճախ խտրական սահմանափակումներ կիրառել տարբեր սոցիալական խմբերի կամ անձանց ազատ տեղաշարժման իրավունքի նկատմամբ»։