Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Բաբայանի տեսակցությունների վրա:
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)․ ըստ ՀՔԾ֊ի, 2018 թվականին՝ հանդիսանալով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, նա օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիք: