Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Զրույց քաղաքացու հետ» շարքի այսօրվա ուղիղ եթերը նվիրված էր հայ ժողովրդի պատմության դասավանդմանը, կրոնի պատմություն առարկան՝ հանրակրթական դպրոցների, հայոց լեզու և պատմություն առարկաները՝ ԲՈՒՀ֊երի ծրագրից հանելու որոշումներին։ Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆՔ» նախագծի շրջանակներում նոյեմբերի 2֊ին Հանրապետության հրապարակ մետրոյի մոտ տեղի ունեցած ներկայացմանը։
Հիշեցնենք, որ ներկայացման մասնակիցները հարձակման էին ենթարկվել Ստամբուլյան կոնվենցիայի և հայ ազգի այլասերման դեմ պայքարող մի խումբ ակտիվիստների կողմից։
― Հիմա էլ Հայաստանում մի նոր թրենդ է ի հայտ եկել․ որտեղ ինչ-որ մեկը ստանդարտից, քառակուսիից դուրս ստեղծագործական աշխատանք է անում, կպցնում են «սատանիստներ» [պիտակը]։ Ի՞նչ է այս «սատանիստները»։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել։ <…>
Մենք արդեն ներկայացումներն ենք գրաքննում․․․ Է սենց մենք կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք մարդկանց վառել նրա համար, որ նրանք ճիշտ ձևով չեն հավատում ինչ-որ ուժերի։
Եղիշե Չարենց են ասում․ Եղիշե Չարենցի մասին խոսող մարդիկ, հետաքրքիր է, գիտեն, թե Եղիշե Չարենցը գրել է մենակ «Ես իմ անուշ Հայաստանի․․․» բանաստեղծությո՞ւնը։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար ոմանց համար՝ այդպես չէ՛։ Չարենցը գրել է շա՜տ բանաստեղծություններ շատ տարբեր բաների մասին, այդ թվում՝ այնպիսի բաների, որոնք այդքան էլ ․․․ համենայն դեպս, Խորհրդային միության տարիներին երկար ժամանակ ընդունված չեն եղել որպես գրական տեքստ․ համարվել է, որ դրանք ցենզուրայից դուրս տեքստեր են։ Մենք պետք է այրե՞նք Չարենցի այդ բանաստեղծությունները։ Մեր Չարենցն է, չէ՞․․․ Մենք պետք է չթողնենք ուսումնասիրե՞ն։ Մենք Չարենցին ճանաչե՞նք, իր ծագումը հասկանա՞նք, թե՞ չհասկանանք, թե՞ գծենք, ասենք՝ սա է Չարենցը, սրանից դուրս ով Չարենցի մասին բան ասեց՝ սատանայապաշտ է, ազգադավ է։
Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է միտքը աշխատի։ Եվ մտքի համար չպետք է լինեն կաղապարներ։ ․․․ Ժամանակին մարդկանց խարույկի վրա վառել են միայն նրա համար, որ նրանք համարձակություն են ունեցել ասել, որ երկրագունքը կլոր է։ Լավ, ասենք՝ իրենք վառել են, մենք այդ փուլերը չենք անցել, հիմա մենք նոր սկսո՞ւմ ենք, հա՞, խարույկի վրա վառել նրանց, ովքեր մտածում են, որ երկրագունդը կլոր չէ, ենթադրենք՝ քառակուսի է։ Կամ, չգիտեմ, այլ բան են մտածում։
Սա չէ մեր պատկերացումների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումների Հայաստանը։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ժամանակակից երկիր, որտեղ մտածելու՝ մարդու մտածելու իրավունքը հարգում են։ Եվ ոչ միայն մտածելու իրավունքը, բազմաթիվ այլ իրավունքներ ևս։ Սա չի նշանակում, որ բոլորը պետք է նույն կերպ մտածեն։ Ա՛յ սա հենց դա է նշանակում, որ բոլորը պարտավոր չեն նույն կերպ մտածել, այդ թվում՝ քաղաքական առումով, այդ թվում՝ դավանաբանական հարցերի առումով, այդ թվում՝ գիտական հարցերի առումով, այդ թվում՝ գեղագիտական հարցերի առումով։ Հակառակ դեպքում մենք մեր երկիրը հետ ենք գլորում։
Հեղափոխությունը անցյալ տարի տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բերել է ազատություն։ Բայց հիմա կան ուժեր, որոնք այդ ազատությունը փորձում են օգտագործել Հայաստանի Հանրապետությունում սակավագիտություն հաստատելու համար։ Ո՞րն է սակավագիտությունը։ Որ մարդը գիտի այսքան, էդ այսքան իմացածի հիման վրա ունի պատկերացում աշխարհի մասին և ոչ մի կերպ չի ուզում իմանալ ավելին՝ վախենալով, որ աշխարհի մասին իր պատկերացումները կփոխվեն։
Օրինակ՝ մինչև 90֊ականների կեսերը շատ մարդիկ Հայաստանում մտածում էին, որ «06»-ը աշխարհի ամենալավ, ամենահուսալի և ամենահարմարավետ մեքենան է։ Եվ մարդիկ կային, որոնց հետ հնարավոր չէր այս թեմայով վիճել։ «06»-ի մասին մի հատ բան ասեիր, կթշնամանային հետդ, կասեին՝ «դու ո՞վ ես, արա, որ «06»-ին բան ես ասում։ «06»-ի նման ավտո կա՞ ընդհանրապես երկրագնդի վրա։ Էտ ի՞նչ են էտ պլաստմասից թղթերը, այ մեքենան պետք է «06»-ի նման լինի, «24»-ի նման լինի, որ 5 տոննա չուգունը վրան լինի, որ տեղից չկարողանա շարժվել»։ Ես էլ եմ ժամանակին այդպես մտածել, որ անկեղծ ասեմ․․․