Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ազգականները Ռուսաստանի մայրաքաղաքի «Մոսկվա սիթի» էլիտար թաղամասում 19 բնակարան են գնել՝ 40 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Սիրիայի առաջնորդի նոր գնումների մասին հայտնել է Financial Times թերթը՝ Global Witness հակակոռուպցիոն կազմակերպության հետազոտության արդյունքներին հղվելով
Կազմակերպության տվյալներով բնակարանների մեծ մասը գնել է Ասադի եղբայրը՝ Հազիֆ Մախլուֆը, ով Անվտանգության գլխավոր կառավարման Դամասկոսի բաժանմունքի ղեկավարն է։ Նա իր բնակարաններն ընտրել է «Գոռոդ ստոլից» երկնաքերների համալիրից։
Եվս երկու բնակավայրերի սեփականատեր է դարձել Մախլուֆ ընտանիքի մեկ այլ ներկայացուցչի՝ բիզնեսմեն Ռամի Մախլուֆի կինը։ Նույն ընտանիքից ևս երեք հոգու անուններ ներկայացված են որպես 2013-2016 թվականներին լիբանանյան օֆշորային ընկերությունների միջոցով գնված բնակարանների սեփականատերեր։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ տեղյակ չէ Ասադի գնումների մասին․ «Ռուսաստանում շուկան ազատ է, ինչպես ՌԴ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ այստեղ անշարժ գույք են գնում»,- նշել է Պեսկովը։
Global Witness-ի զեկույցում նշվում է, որ այսպիսով սիրիական ռեժիմն օգտագործում է Մոսկվան՝ իր կուտակած հարստությունը երկրից հանելու համար։ Դա Ասադի ընտանիքի համար ակտուալ դարձավ, երբ արևմտյան երկրներն իրենց նկատմամբ պատժամիջոցներ սահմանեցին։