Մոսկվայի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը (հայտնի է որպես Ալրաղացի Լյովիկ)։
«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի [ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից] և 223-րդ հոդվածի 2-րդ մասի [մասնակցություն հանցավոր համագործակցությանը] հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը: Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը», – ասված է Ոստիկանության տարածած հաղրոդագորությունում հաղորդագրությունում:
Լեւոն Սարգսյանը հետախուզվում էր 11 տարի առաջ Մաքսային ծառայության ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործի շրջանակներում: Խոսքը 2008 թվականին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակման մասին է, որի իրական պատվիրատուն, Հայաստանի Ազգային անվտանգության կոմիտեի պնդմամբ, Լևոն Սարգսյանն էր:
Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը Ազգային ժողովի երկու գումարումների պատգամավոր է եղել, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: