Նոյեմբերյանի N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ մամուլում շրջանառվող (չհաստատված) տեղեկութունների, զինվորը ինքնասպան է եղել (կախվել է)։ Քննչական կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը հաստատում են զինծառայողի մահվան մասին տեղեկությունը՝ առանց մանրամասներ հայտնելու։
Ինքնասպանության վարկածը Քննչական կոմիտեն չի հերքել, բայց և չի հաստատել․ քիչ առաջ հրապարակված պարզաբանման մեջ Քննչական կոմիտեն նշել է, որ forrights.am լրատվականի լրագրողի՝ զինծառայողի ինքնասպանության վարկածի վերաբերյալ հարցին ի պատասխան ՔԿ-ից միայն հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ, և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Ես զինծառայողի մահվան լուրն եմ հաստատել, իսկ որակում տալը իմ գործառույթը չէ և այդքան փորձ ու խելք ունեմ դա չանելու համար», – ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ սպառնալով․ «չփորձեք ինձ վարկաբեկել, կարող է առողջություններդ չհերիքի»։
Այլ տեղեկություններ Հովհաննիսյանը չի հայտնել։ Պն խոսնակի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։