Այսօր Կապանում տեղի ունեցած ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ արդյո՞ք կառավարությունն ունի հստակ տեսլական, ծրագիր, որը կլուծի կրթական համակարգում առկա խնդիրները, նշեց, որ բուհական համակարգի մասին օրենքը կընդունվի այս տարի․ հնարավոր է՝ սահմանվի անցումային շրջան, ռեկտորների փոխարեն՝ նշանակվեն անցումային մենեջերներ՝ երկու-երեք տարի ժամկետով։
Վարչապետը, նախ, խոսեց պատճառներից․ «Մենք հիմա ինչու՞ այդ խնդիրն ունենք։ Որովհետև հինգ տարի առաջ, տաս տարի առաջ, տասնհինգ տարի առաջ ՀՀ կառավարությունը բուհական համակարգին նայել է հետևյալ կերպ՝ նախարարի երեխեքը պիտի ընդունվեն, պատգամավորների երեխեքը պիտի ընդունվեն, հարուստների երեխեքը պիտի ընդունվեն։
Դե այսքան ընդունող դասախոսներն էլ, պարզ է՝ պիտի կարողանան մի երկու կոպեկ աշխատել այս ծառայությունների դիմաց։ Մեր կրթական համակարգը կոռուպցիայի հենասյուներից է եղել, հատկապես՝ բուհական համակարգը։
Այդ ավանդույթը իջեցվել է մինչև դպրոց, որովհետև մեր երեխան առաջին դասարանում տեսել է, որ «բանբանեռկայով» կարելի է գնահատական ստանալ, երկու «բանբանեռկայով» կարելի է ավելի լավ գնահատական ստանալ, «բանբանեռկայով» և ոսկե շղթայով՝ լավ քարորդ փակել»։
Փաշինյանը նշեց, որ կառավարությունը հանրակրթության նոր չափորոշիչներ է մշակում, մասնավորապես՝ այս տարի պատրաստվում են ընդունել բուհական համակարգի մասին օրնեքը։
«Շատ հնարավոր է, որ ունենանք անցումային շրջան, որպեսզի խարդավանքների փուլ չմտնենք։ Հնարավոր է, որ գնանք էնպիսի լուծման, որ կառավարությունը նոր համակարգի պայմաններում անցումային մենեջերներ նշանակի՝ երկու կամ երեք տարի ժամկետով։ Այդ ընթացքում կպատրաստվի բուհերի ընտրական համակարգի բարեփոխումների պլանը, որպեսզի նորմալ, ապաքաղաքական, զուտ գիտակրթական բովանդակությամբ ընտրություններ տեղի ունենան։
Հակառակ դեպքում ամեն բարեփոխում հայտնի կաստաների կողմից կարող է՝ ուղղակի տորպեդա արվի», – հավելեց Փաշինյանը։