Օտար հեռուստաընկերությունները, որոնք դուրս են հայաստանյան կառույցների յուրիսդիկցիայից, հանրային մուլտիպլեքսում չպետք է լինեն, հունվարի 29-ի ասուլիսին հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տնօրեն Տիգրան Հակոբյանը։
Հանձնաժողովը, որը վերահսկում է հեռուստա- և ռադիոընկերությունների գործունեությունը, ի թիվս այլ օրենքների՝ առաջնորդվում է «Լեզվի մասին» օրենքով, համաձայն որի հեռուստածրագրերի բովանդակության առնվազն 55 տոկոսը պետք է լինի հայերեն։ Օրենքը, սակայն, չի տարածվում նույնիսկ հանրային մուլտիպլեքսում ներառված օտարերկրյա հեռուստաընկերությունների վրա (օրինակ, ամերիկյան CNN-ի կամ ռուսական «Առաջին ալիքի»):
Այս խնդիրը պարզ լուծում ունի, կարծում է հանձնաժողովի նախագահը։ Հանրային մուլտիպլեքսում, որը ապահովում է երկրի քաղաքացիների իրավունքը՝ անվճար դիտել մի շարք հեռուստաընկերություններ, օրենքով ամրագրված բացառություններից բացի օտարերկրյա հեռարձակողներ չպետք է լինեն։
Տիգրան Հակոբյանի կարծիքով, սա ինքնիշխան պետության գործառույթներից է, որը նախ և առաջ պայմանավորված է տեղեկատվական անվտանգությամբ և դրսի մանիպուլիատիվ հնարքներից խուսափելու անհրաժեշտությամբ։
Որպես օրինակ պաշտոնյան հիշատակում է այն երկրների հեռուստաընկերությունները, որոնք թշնամական հարաբերություններ ունեն Հայաստանի հարևանների հետ։ Ըստ նրա, «դյուրահավատ» հայաստանցիների մոտ այդ հեռուստաընկերությունները կարող են ծայրահեղ բացասական կարծիք ձևավորել , օրինակ, Վրաստանի կամ Իրանի նկատմամբ, ինչը կարող է վնասել և Հայաստանին, և Հայաստանի հարևաններին։
«Մենք ուսումնասիրել ենք աշխարհի բոլոր երկրների փորձը։ Որևէ երկիր չկա, որը օտար երկրի հեռուստաընկերություններին թույլ տա հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Նույնիսկ եթե խոսքը շատ բարեկամբ երկրի հեռուստաընկերությունների մասին է։ Հոլանդիայում դանիական հաղորդումներ հանրային մուլտիպլեքսում չկան։ Ռուսաստանում բելառուսական հաղորդումներ հանրային մուլտիպլեքսում չկան։ Բելառուսը Ռուսաստանի հետ Դաշնային պետություն է նույնիսկ ստեղծում, բայց 9 հեռարձակողներ կան իրենց հանրային մուլտիպլեքսում, որոնցից ոչ մեկը ռուսական չէ», – ասում է պաշտոնյան։
Խնդիրներ կան նաև վճարումների հետ կապված։ Եվ CNN-ը, և «Առաաջին ալիքն», օրինակ, հեռարձակվելով հանրային մուլտիպլեքսում, չեն վճարում հեռարձակման կայանին՝ աշտարակին, որը դրանից վնասներ է կրում։ Այսինքն՝ թույլ է տալիս դրսի հեռարձակվողներին հեռարձակվել, և գումար չի ստանում։ Այնինչ հայկական հեռուստաընկերությունները, որոնք շատ ավելի ծանր պայմանների մեջ են, ստիպված են ամեն ամիս այդ վճարումները կատարել։ Սա նաև անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում։