Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ամենաուշը ապրիլի կեսին, ամենաշուտը՝ մարտի վերջին։ Փոփոխությունները ընդունված կհամարվեն, եթե քվեարկողների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հաշվառված ընտրողների մեկ քառորդը, քվեարկի կողմ (~ 644 հազար ընտրող)։ Այսինքն, եթե հանրաքվեին բավարար մասնակցություն չապահովվի, դրա արդյունքները կարող են չեղյալ համարվել։
ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանը Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի հանելու մասին նախագիծը նախագահ Արմեն Սարգսյանին պետք է ուղարկի մեկ շաբաթվա ընթացքում: Ստանալուց հետո երեք օրվա ընթացքում Սարգսյանը պետք է հանրաքվե նշանակի։
Քվեարկությունը, ըստ օրենքի, պետք է անցկացվի հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր անց:
Այսինքն, հանրաքվեն կանցկացվի մարտի վերջից ապրիլի կեսն ընկած ժամանակահատվածում։
Ըստ գործող Սահմանադրության 207 հոդվածի, հանրաքվեի դրված հարցը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։
Սա նշանակում է, որ, որպեսզի համարվեի արդյունքները համարվեն ընդունված, մոտ 645 000 քաղաքացի պետք է «այո» ասի իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխություններին։
Այս թիվը հիմնվում է Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության 2018 թվականի տվյալների վրա, որոնց համաձայն Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2.573.779 քաղաքացի։
Նշենք, որ հեղափոխությանը հաջորդած խորհրդարանական ընտրություններին (2018 թ․) մասնակցել է ընտելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհամենը 48,63 %, այն է՝ 1 261 105:
Սա նշանակում է, որ եթե ընտրությանը բավարար մասնակցություն չապահովվի, ընտրողների 50 տոկոսի ձայները չեն հերիքելու քանակային շեմը հաղթահարելու համար։
Հիշեցնենք, որ հանրաքվեի հանված նախագծով առաջարկվում է կասեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը (երբ ուժի մեջ էին մտնում նոր՝ 2015 թ.-ին փոփոխված Սահմանադրության նորմերը) ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը, այսինքն՝ դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։