«Ապօրինի կերպով օտարված տարածքների վրա կառուցվել են ապօրինի շենքեր, հիմա էլ եկել, ասում են՝ պետք է օրինականացնեք։ Պարզվում է, որ նախկինում օրենսդրությունը կազմավորվել է էնպես, որ քաղաքապետարանը չօրինականացնելու տարբերակ չունի», ֊ կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կոչ արեց արդարադատության նախարարին զբաղվել հարցով, որովհետև, ըստ նրա, հարցը շատ կարևոր է ու սկզբունքային։
«Եթե պետք լինի, էստեղ պետք է անցումային արդարադատության գործիքներ կիրառել և գնալ առաջ, որովհետև դա ուղղակի, կներեք, երբեմն ուղղակի արհամարհանք ա հանրության, հանրային կարծիքի և, ընդհանրապես, Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։
Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառուցելն արել են ապօրինի, հիմա էլ ասում են՝ օրինականացրե՛ք, թե չէ դատի կտանք։ Ի՞նչ ենք անում, պարոն Բադասյան», ֊ դիմեց վարչապետը նախարարին։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն Epress.am-ի հարցին ի պատասխան ենթադրեց, որ խոսքը Մոնումենտի բարձունքում գտնվող նախկին այգու մասին է, դրա մեծ մասում 2000-2010-ականներին ինտենսիվ շինարարություն էր ընթանում․ «Հասարակությանը լայնորեն հայտնի են շինարարություն իրականացրած անձանց անունները, առնվազն երկուսը վարչապետեր են եղել և նրանցից առնվազն մեկը կամ իր ընթանիքի անդամները, համայնքի տարածքը զավթելով, դղյակներ են կառուցել»։ Նշենք, որ այստեղ են գտնվում նախկին վարչապետեր Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատները։
Ավելի ուշ Կարապետյանը գրեց Ֆեյսբուքում․ «․․․Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաեւ էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը և/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաև, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլեւայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլև համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ: Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը: #ցինիզմի_աստվածները, #սարանչա»
«Խնդրին ծանոթ չեմ խորությամբ, – սկսեց Ռուստամ Բադասյանը, ֊ մեր նախարարությունն ընդգրկված է աշխատանքներում, բայց էստեղ խնդիրը հետևյալն է․ լեգիտիմ ակնկալիք կա՞ թե՞ չկա։ Եթե ապօրինի շինարարություն է իրականացվում, էդ անձը հետո չի կարող վկայակոչել իր լեգիտիմ ակնկալիքը, որ օրինականացման փոփոխությունից հետո ինքը դրանից պետք է ակնկալիքներ ունենա։ Էնքանով, ինչքանով դուք ներկայացրեցիք, առաջին տպավորությունն այն է, որ լուծում կա»։ Փաշինյանը հորդորեց անպայմանորեն հարցը քաղաքապետի հետ քննարկել։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարության ենթակայության տակ աշխատանքային խումբ է ձևավորվել, որն, ըստ էության, կոչված է ուսումնասիրել և օրենսդրական դաշտում լուծումներ առաջարկել ապօրինի շինարարությունների օրինականացման հետ կապված։ Այն մասին, թե ո՞ր փուլում են գտնվում խմբի աշխատանքներն, Աղաջանյանը խոստացավ ճշտել և զեկուցել օրվա վերջում։