Նախկին վարչապետ, հանրապետական Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեում գտնվող հողատարածքի ծառերը էքսկավատորներով սկսել են արմատախիլ անել։
Հողատարածքը 28 տարի շարունակ մշակվել է մայրաքաղաքի բնակիչ Սամվել Մկրտչյանի կողմից, ով միայն վերջերս է իմացել, որ հողակտորը՝ իր հիմնած այգով հանդերձ, վաճառվել է Հովիկ Աբրահամյանի ազգականներին պատկանող «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ին։ Շուրջ 280 մրգատու և 80-ից ավել դեկորատիվ ծառեր ունեցող այգու տարածքում նոր սեփականատերը պատրաստվում է շինարարական աշխատանքներ կատարել։
Այս տարվա ապրիլին այգու ոչնչացման դեմ քայլեր ձեռնարկելու խնդրանքով Սամվել Մկրտչյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մկրտչյանը՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված բաց նամակում, մասնավորպես, գրում է․
«Մինչ այսօր 28 տարի շարունակ ես կանոնավոր վճարել եմ տվյալ տարածքի հողի և ոռոգման ջրի հարկերը: Տարածքը ջրելու համար իմ համեստ նյութական միջոցներով և սեփական ուժերով կառուցել եմ ոռոգման ցանց: Ամբողջովին ծառատունկ եմ կատարել և տարածքը վերածել գեղեցիկ պտղատու այգու: Տարածքը ցանկապատել եմ փշալարով և մետաղյա ցանցով: 2005թ.-ից սկսած Ն.Շենգավիթի թաղապետարանը վարձակալության պայմանագիրը անհիմն կերպով չի երկարացրել ոչ միայն իմ, այլև ամբողջ տարածքը վարձակալողների հետ: Չնայած դրան, ինչպես նշեցի վերևում, ես շարունակում եմ հողը մշակել և տնօրինում եմ այն:
2008թ. ես երկու անգամ դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով կնքել նոր վարձակալության պայմանագիր հողօգտագործման վերաբերյալ, սակայն ստացել եմ չհիմնավորված մերժում:
Այս տարի ապրիլ ամսից եկան ինչ-որ մարդիկ և ասացին, որ այս տարածքները 2010թ.-ին գնել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն և այստեղ պիտի կատարվեն շինարարական աշխատանքներ: «Արտաշատ Սիթի» ՍՊ ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետային:
9 տարի առաջ Երևանի քաղաքապետի 23.08.2010թ.-ի N3873-Ա որոշումով «աճուրդով» վաճառվել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ին: Կատարվել է այն, ինչ կատարվում էր Հայաստանում մինչև հեղափոխությունը: Ժողովրդից թալանած փողերով «Մուկը» իբր գնել է ինձ վարձակալության հանձնած հողը, և ես այդ մասին իմանում եմ հիմա։
Խնդրում եմ Ձեզ կարգադրել համապատասխան մարմիններին զբաղվել այս հարցով, չթողնել այդ բարբարոսներին ոչնչացնելու 5000քմ տարածքի վրա հիմնված իմ դրախտ այգին, հանձնեք այն քաղաքապետարանի տնօրինությանը, հարյուրավոր մրգատու և դեկորատիվ ծառերը չկտրել, այգին չոչնչացնել, փակեք այդ վանդալների ճանապարհը»։