«Արտաշատ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Վարդան Հովհաննիսյանը մոտ երեք ամիս է՝ չի վճարել բուժաշխատողների աշխատավարձերը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ Հովհաննիսյանն այդ որոշումը բացատրում է նրանով, որ գումարը պետք է հիվանդանոցի վերանորոգման ծախսերը հոգալու համար։ Բուժաշխատողները վախենում են բողոքել, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը։
Արտաշատում լուրեր են տարածվել, որ պաշտոնեական դիրքի չարաշահումների համար Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։
«Լուրեր են տարածվել, թե քրեական գործ է հարուցվել, թե իբր նա, լսելով այդ մասին, ինֆարկտ է ստացել։ Ասում են, որ դա կապված է այն բանի հետ, որ Հովիկ Աբրահամյանի դեմ են ճնշումներ սկսվել, իսկ Հովհաննիսյանը հենց Հովիկ Աբրահամյանի կողմից էր նշանակվել որպես հիվանդանոցի գլխավոր բժիշկ»,֊ասել է Արտաշատից մեկ այլ աղբյուր, որը չի ցանկացել ներկայանալ։
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե իրոք Հովհաննիսյանի դեմ քրգործ հարուցվել է, ապա ոչ թե մի քանի, այլ հարյուրավոր մարդիկ կբողոքեն ու կգնան ցուցմունք տալու։
«Ես անձամբ կասկածում եմ, որ նման բան կա։ Ուղղակի ասում են, որ քրգործ հարուցվել է, որ բողոքողները հանգստանան», ֊ ասել է մեր զրուցակիցը։
Քննչական կոմիտեից Epress.am-ի հետ զրույցում ասել են, որ Հովհաննիսյանի դեմ նյութեր չկան, հետևաբար և քրեական գործ չի հարուցվել։
Նշենք, որ Հովհաննիսյանն օրեր առաջ Tert.am֊ի հետ զրույցում ասել էր, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն իրեն հեռացրել էր աշխատանքից։ Նա հաստատել էր նաև, որ կաթված է ստացել։