Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նա հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ պարզաբանելով, որ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ է նոր սկիզբ։
«Որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը», ֊ ասել է Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանյան մամուլը վերջին շաբաթվա ընթացքում Աբրահամյանի հրաժարականի մասին լուրը որպես տեղի ունեցած փաստ էր ներկայացնում։ Բացի դա, նշվում էր նրա հետևորդի անունը՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդ» ընկերության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը։
Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի ապրիլից։ Իր նշանակումից հետո նա խոսում էր ստվերային տնտեսության կրճատման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ կառավարության թիրախը խոշոր տնտեսվարողներն են։ Նա նաև նշում էր, որ ՀՀ կառավարությունը պետք է խոշոր գործարարներին հարկային դաշտ բերի։
Ինքը՝ Աբրահամյանը, Հայաստանի խոշորագույն գործարարներից է։ Նրա և նրա ընտանիքի անդամների անունը կապվում է բազմաթիվ բիզնեսների, մասնավորապես, Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարանների հետ, որոնք տարեց տարի ավելացնում են արտադրության և արտահանման ծավալները։ Հովիկ Աբրահամյանի բիզնեսների և շահերի բախման մասին Ազգային ժողովում հայտարարել էր «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեռևս այն ժամանակ, երբ Աբրահամյանը զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։
2014 թվականից սկսած Աբրահամյանի բիզնես գործունեության դեմ բողոքում էին Գառնիի բնակիչները՝ ընդգծելով, որ իրենց համայնքի մոտով անցնող գետի ջուրը Արարատյան դաշտավայր տանելու վերաբերյալ ծրագիրն իրականացվում է վարչապետի հողերը ոռոգելու նպատակով։ Այս տարի գառնեցիների բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո ծրագիրը չեղարկվել է։