«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը մեծ մասամբ ուղղված են բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրմանն ու պաշտպանությանը, բայց մենք նաև շատ կարևորում ենք կանխարգելիչ աշխատանքները։
Կարևոր է առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը, որովհետև, շատ դեպքերում, աջակցություն ստանալու համար դիմելը ևս կարծրատիպ և խոչընդոտ է հանդիսանում:
Մենք պետք է աշխատենք, որպեսզի ավելի հասանելի ու մատչելի դարձնենք աջակցության տրամադրման մեթոդները այն մարդկանց համար, ովքեր ունեն դրանց կարիքը», – այս մասին Սեռական բռնության դեպքերի միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, հայտնում է նախարարության պաշտոնական կայքը։
Հանդիպումը նախաձեռնել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն՝ ոլորտային այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Բաթոյանը կարևորել է նաև «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ունեցած բազմամյա փորձը աջակցության պետական մեխանիզմներ ստեղծելու և պետական քաղաքականություն մշակելու գործում։ Նախարարը կանանց և աղջիկներին բռնությունից պաշտպանելու գործում էական է համարել նրանց հզորացումը՝ այն համարելով բռնության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը։ Որպես այդպիսիք՝ նախարարը նշել է կրթության և աշխատանքի հնարավորությունների ընդլայնումը, կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը.
«2020թ.-ից առաջին անգամ բռնության ենթարկված անձանց պետական աջակցությամբ նոր ծառայություններ են տրամադրվելու՝ բոլոր մարզերում աջակցության կենտրոններ և ապաստարաններ են գործելու։ Բնականաբար, այս ծառայությունները բավարար չեն, և մենք նպատակ ունենք դրանք ավելի ընդլայնել»։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը ներկայացրել է կենտրոնի բազմամյա փորձը, առկա խնդիրներն ու օրենսդրական բացթողումները։
«2016-2020թթ ընթացքում աշխատել ենք 73 անձի հետ, որոնցից 66-ը՝ իգական սեռի են, իսկ 7-ը՝ արական: 35-ն անչափահաս են, 38-ը՝ չափահաս։ Այժմ մեր աշխատանքային խմբի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մենք կկարողանանք քննարկել, բազմակողմանիորեն անդրադառնալ առկա խնդիրներին և հասկանալ, թե որոնք են դրանց արդյունավետ լուծումները»,- ասել է Աղաբեկյանը։